Հայաստանի «կռանտը» փակվում է. ի՞նչ է լինելու 2020-ից հետո

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկություն է տարածել այն մասին, թե ինչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելիս:

Այն պայմաններն ու կանոնները, որոնք գործելու են՝  2020-ի հունվարի 1-ից սկաած, հսկայական խնդիրներ են առաջ բերելու, ոչ միայն ավտոներկորղների ու մեքենաներ ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար, այլև, թերևս, ողջ պետության:

Մի դեպքում, երբ Հայաստանը հատկապես վերջին տարիներին Եվրասիական միության տարածքում վերածվել է ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակի` տնտեսության համար այդ հանգաանքից բխող դրական հետևանքներով, ընդամենը մի քանի ամիս անց դադարելու է այդպիսին հանդիսանալ. մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից:

Խնդիրն այսքան ցցուն չէր լինի, եթե չլիներ այն անցանկալի իրականությունը, որում այժմ գտնվում է Հայաստանն, երբ մեր երկրում պահանջարկ են վայելում գրեթե բացառապես 10 և ավելի տարեկան մեքենաները՝ ներկրվող արտասահմանյան երկրորդային շուկայից: Նոր կարգուկանոնի հաստատման հետևանքով Հայաստանում ավտոմենքենաների գներն էականորեն աճելու են՝ շատ դեպքերում մի քանի անգամ գերազանցելով ներկայիս գները: Նույն  «Opel Astra»-ն, օրինակ, եթե այժմ կարելի է  ձեռք բերել ասենք 2000 դոլարով, ապա հունվարի մեկից՝ դրա գինը գերզանցելու է 6000 դոլարը: Այսինքն՝ համեմատաբար նոր ու հին մեքենաների գները հավասարվելու են, իսկ որոշ դեպքերում էլ հներն ավելի թանկ են արժենալու, քան նորերն, իսկ հաշվի առնելով այն, որ, ինչպես նշվեց, նոր մեքենաների պահանջարկն էականորեն զիջում է հների պահանջարկին, պետք է եզրակացնել, որ շուտով մեքենա ձեռք բերելը դառնալու է ունևոր խավի արտոնություններից մեկը:

Մյուս կողմից՝ հարցը շոշափում է նաև այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին զբաղվածությունն է: Ներկայումս ավտոներկրմամբ զբաղվողների թիվը կազմում է մոտ 10000 մարդ, այսինքն՝ նույնքան ընտանիք իրենց ապրուստի միջոցն այժմ հոգում է նմանօրինակ գործունեությամբ: Եթե մեքենաների շուկան 2020-ից լիարժեքորեն տրանսֆորացվելու է, ապա խնդիր է առաջանալու նաև  ոլորտում այժմ ներգրավված անձանց զբաղվածության, ինչը կարող է երկրում լարել սոցիալական վիճակը:

Սրան գոմարած՝ էական կորուստներ է կրելու նաև պետական բյուջեն: Ըստ որոշ հաշվարկների՝ խոսքը տարեկան 150 մլն դոլարի  կարգի եկամուտների մասին է: Իսկ թե ինչ է  դա նշանակում մեր պես երկրի համար, ավելորդ է ներկայացնել:

Խոսք է գնում նույնիսկ այն մասին, որ այս ամենի հետևանքով կարող է տուժել անգամ Դրամի կայունությունը՝ հարվածի տակ դնելով ֆինասնական շուկան, երբ երկիրը ստիպված զրկվելու է տարադրամի այն  հոսքերից, որոնք մինչ այժմ ստանում էր՝ լինելով ողջ ԵԱՏՄ մասշտաբով ավտոմեքենաների ձեռքբերման ամենանախընտելի վայրը:

Ռիսկերն ու մարտահրավերներն ակնհայտորեն շատանալու միտում ունեն, ինչը նշանակում է, որ կառավարության առաջ արդեն հիմա ծառանալու է վնասների կոմպենսացիայի խնդիր: Իսկ վնասները քիչ թե շատ կոմպենսացնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե տեսանելի ապագայում իշխանությունները կարողանան տնտեսության մեջ իսկական հեղափոխություն իրականցնել, ստեղծել մեծ թվով նորմալ վարձատրվող աշխատատեղեր և այլն, ինչը, ցավոք, մեծ հարցական է՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ հանգամանքներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.