Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր են լինելու

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդարդարձել է Ամուլսարի խնդրին՝ հանդես գալով բավական ուշագրավ հայտարարությամբ:

«Կառավարությունը, նաև մենք՝ պատգամավորներս, պետք է վստահեցնենք ջերմուկցիներին, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, և այս ամիսների ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում, մասնավորապես՝ մեր բնապահպանների կատարած աշխատանքի շնորհիվ, նշաձողը շատ բարձրացված է, և այդ նշաձողի մի թեթև իսկ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնել հանքի շահագործումը։ Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հասարակ լուծում՝ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության, և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը»,-մասնավորապես՝ հայտարարել է Աղազայանը՝ հավելելով, որ եթե հանրաքվեի արդյունքում պարզվի, որ հանրության մեծ մասը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ:

Աղազարյանի հայտարարությունը հնչում է բնապահպան ակտիվիստների՝փաստացի ուլտիմատիվ ոճով ավելի վաղ արած այն հայտարարության ֆոնին, թե իրենք  Փաշինյանին մի քանի օր են տալիս հարցը լուծելու, հակառակ պարագայում, եթե իշխանությունները հետ չկանգնեն Ամուլսարի հանքը շահագործման հանձնելու մտքից, իրենք սկսելու են անցկացնել անժամկետ նստացույցեր, բողքի ակցիաներ և այլն:

Այն, որ Ամուլսարի հարցը վաղուց վերածվել է Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևող թիվ մեկ գործոնի, ոչ մեկի համար բացահայտում չի կարող լինել: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում հարցն այնքան են թեժացրել, որ դրա ստվերում են մնացել ոչ պակաս կարևոր խնդիրներ թե՛ բներքին, թե՛ արտաքին հարթությանն առնչվող:

Աղազարյանն, ըստ էության, հայտարարում է խնդրին նոր մոտեցում ցուցաբերելո մասին: Միայն թե պարզ չէ՝ նա խոսում է բացառապես ի՞ր, թե՞ ողջ կուսակցության անունից:

Կարո՞ղ են, արդյոք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դառնալ Ամուլսարի հարցի լուծման բանալին՝թեկուզ հիպոթետիկ կերպով:

Բանն այն է, որ եթե նույնիսկ երևակայենք էլ, որ Ամուլսարը կարող է դառնալ իշխանությունների համար այն փորձաքարը, որին բախվելով՝ նրանք կսայթաքեն ու կհեռանան՝ իրենց տեղը զիջելով բոլորովին այլ մարդկանց, Ամուլսարի հարցը հնարավոր չի լինելու լուծել մեկ պարզ պատճառով. Հայաստանն աշխարհից մեկուսացած կղզյակ չէ, ինչը նշանակում է, որ մեր երկիրը ուզած-չուզած պետք է խաղա ու խաղում է խաղի միջազգային կանոննեով, որոնք ենթադրում են առաջին հերթին պատասխանատվություն, ստանձնած պարտավորությունների կատարում: Փաշինյանը, հիմնավորելու համար Ամուլսարի հարցում դրական որոշում կայացնելու անհրաժեշտությունը, մատնանշում է հենց սա ու նախազգուշացնում, որ Հայաստանի կողմից այդ կանոնների չհիմնավորված խախտումը կարող է երկրի համար հղի լինել իսկապես անդառնալի հետևանքներով:

Հետևաբար՝ հարց է առաջ գալիս՝ եթե Հայաստանում ձևավորվեն նոր իշխանություններ, մի՞թե աշխարհը նրանց համար բացառություն է անելու, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ, կամ մի՞թե նոր իշխանոթյուններն ի վիճակի են լինելու չեզոքացնել այն վնասներն ու մարտահրավերները, որոնք անխուսափելիորեն ի հայտ են գալու  Ամուլսարի հարցում ոչ ճիշտ դիրք բռնելու հետևանքով: Պատասխանը միանշանակ է, և այն դրական չէ:

Մյուս կողմից՝ Աղազարյանի առաջարկը՝ հանրաքվե անցկացնելու մասով, ինչ-որ տեղ կարող է իշխանությունների ուսերին ծանրացած բեռի թեթևացմանը ծառայել. դա կտա հնարավորություն միայնակ չկրել այն մեծ բեռը, որն այժմ ընկած է իշխանությունների վրա, ժողովրդին նույնպես մասնակից դարձնել մի խնդրի լուծմանը, որն այսօր Հայաստանի համար իսկապես գերկարևոր է դարձել:

Եթե ինչ-ինչ ուժեր դադարեն մանիպուլացնել հասարակությանն, ապա կասկած չկա, որ առողջ բանականույունն ու տրամաբանությունն իսկապես կհաղթեն, ու Հայաստանին կհաջողվի ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով  դուրս գալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.