Փաշինյանը քաշեց գիծը. այո՞, թե՞ ոչ

Ֆեյբուքյան ուղիղ եթերում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին երիցս խնդրել է ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները՝ հավաստիացնելով, որ ճանապարհներ փակելու անհրաժեշտությունն ուղղակի չկա: Փաշինյանը միաժամանակ ասել է, որ Կառավարությունն իրեն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իրավունք է ունենալու հանքի շահագործման դեպքում ցանկացած պահի ստուգել՝ համապատասխանո՞ւմ են, արդյոք, «Լիդիանի» աշխատանքները նախօրոք հայտարարված բնապահպանական ամենաբարձր չափանիշներին, թե՞ ոչ, կա՞, արդյոք, թեկուզ նվազագույն շեղում: Եթե կպարզվի, որ անգամ նվազագույն շեղում է առկա, ապա իշխանությունները կարող են բաձրացնել ծրագրի չեղարկման հարց:

Փաշինյանի խնդրանք-պահանջը կարևոր է ոչ միայն  Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի իմաստով, այլև, թերևս, քաղաքական, ավելի կոնկրետ՝ իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում ներկայումս առկա որակների:

Ճիշտ է՝ Ամուլսարի ճանապարհները փակածների նույնականացումը «ժողովուրդ» ասվածի հետ այստեղ մի փոքր պայմանական պետք է ընկալել, քանի որ ինքնին «ժողովուրդ» եզրը խիստ ընդհանուր, հաճախ անչափելիության սահմանը հատող հասկացություն է, սակայն  բոլոր դեպքերում հարցի արժեքը դրանից չի նվազում:

Բանն այն է, որ Փաշինյանի կոչին հետևող արձագանքն, ինչպիսին էլ այն լինի, այսպես թե այնպես կարող է ընկալվել կամ առնվազը մեկնաբանվել որպես ժողովրդի շրջանում իշխանությունների ունեցած հեղինակության յուրատեսակ ցուցիչ: Եթե արձագանքն ադեկվատ չստացվի, ապա կասկած չկա, որ առնվազն ընդդիմության  արտախորհրդարանական հատվածը պահը բաց չի թողնելու չարախնդալու, մատնացույց անելու, որ իբր իշխանությունների հեղինակությունը հասարակության շրջանում իբր մոտ է զրոյին, որ իրենց շանսերը՝ հասնելու ռևանշի, այսօր էապես մեծացել են և այլն: Միով բանիվ՝ ջանք ու եռանդ չեն խնայելու «մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու», իրադարձություններն ու երևույթներն իրենց ձեռնտու տեսանկյունից մեկնաբանելու համար՝ գոնե ինչ-որ չափի քաղաքական կապիտալ կուտակելու հույսով:

Այս իրավիճակում ճանապարհներ փակողներն իրենք իրենց պետք է մի պարզ հարց տան՝ արդյոք ցանկանո՞ւմ են դառնալ գործիք՝ հաղթահարված համակարգի ձեռքում ներկա իշխանությունների դեմ պայքարում, թե՞ ոչ, արդյոք իրենք վտահո՞ւմ են սեփական իշխանությանը, թե՞ նախընտրում են հայտնվել խամաճիկային վիճակում:

Հարցն այլևս այստեղ ոչ այնքան Ամուլսարին է վերաբերում, դրա շահագործմանը դեմ կամ կողմ լինելուն,  այլ Փաշինյանին վստահել-չվստահելուն՝ դրա խորքային իմաստով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.