Հայաստանյան հանքարդյունաբերության յուրահատկությունները. ե՞րբ է «Լիդիանը» դադարելու լինել միակը

Ամուլսարի խնդրին նվիրված ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շոշափել է նաև մյուս հանքերի շահագործման խնդիրը՝ նկատելով, որ եթե անտեղի, առանց հիմնավորման պետությունը, պատճառաբանելով բնապահպանական խնդիրները, արգելի Ամուլսարի հանքի շահագործումը, կարող է հարց բաձրանալ, թե այդ դեպքում ինչպե՞ս է նույն պետությունը թույլատրում ասենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի շահագործումը, ի՞նչ հիմքով է թույլատրվում  Թեղուտի հանքի շահագործումը, արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են միջազգային ստանդարտներին և որևէ բնապահպանական խնդիր չե՞ն առաջացնում, արդյոք դրանք գործո՞ւմ են ըստ այն բնապահպանական ստանդարտների, որոնք Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն:

Փաշինյանը միաժամանակ անթույլատրելի է համարել խտրական մոտեցման ցուցաբերումն Ամուլսարի հարցի դեպքում:

Վարչապետը խոսում է անչափ կարևոր ու նույնիսկ օրհասական դարձած խնդրի մասին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ պայմաններում են այսօր Հայաստանի հանքավայրերը շահագործվում, ինչպիսի ռիսկերի է ենթարկվում հայրենի բնությունը, որի մասին հոգ տանելու վերաբեյալ խոսակցությունները տարօրինակ կերպով ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ խոսք է լինում «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին, միայն այդ ժամանակ են հիշում, որ հանքարդյունաբերությունը կարող է վնաս հասցնել բնությանը:

Հետևաբար՝ բնական հարցադրում է  առաջ գալիս, թե եթե Հայաստանը մի պետություն է, ուր պետական ամենաբարձր մակարդակով հոգ են տանում բնության մասին, մտահոգ են բնապահպանական խնդիրներով, ապա ինչո՞վ կարելի է  բացատրել այն պարադոքսն, երբ ներկայումս Կառավարության խոշորացույցի տակ է հայտնվում բացառապես Ամուլսարն իր հանքով: Ինչպե՞ս բացատրել այն, որ այս ողջ ընթացքում նույն Կառավարությունը գրեթե մատը մատին չի տվել ու կարծես նպատակ էլ չունի՝ քննելու մյուս հանքերի շահագործման պայմանները, քննության առարկա դարձնելու հանքերը շահագործող ընկերությունների աշխատանքը, հարկ եղած դեպքում ստիպել դրանց համապատասխանեցնել սեփական գործունեությունն այն նույն չափանիշներին, որոնք պարտադիր են դարձել «Լիդիանի» համար: Ո՞րը կարող է լինել այս անհավասար՝ հետևաբար և անարդար վերաբերմունքի արմատը…

Մնում է հույս հայտնել, որ առնվազը տեսանելի ապագայում բնապահպանական բարձր չափորոշիների համաձայն բիզնես անելու պարտադրանքը կտարածվի նաև մյուս հանքարդյունաբերող ընկերությունների ու դրանց տերերի վրա, և «Լիդիանը» կդադարի այս հարցում միակ «ընտրյալը» լինել: Այդպես և՛ բնությունը կշահի, և՛ պետության միջազգային վարկը, որից էլ շատ իմաստներով կախված է  այն հարցի պատասխանը, թե արդյոք իշխանոթյուններին ի վերջո կհաջողվի՞ տնտեսական ճեղքում իրականացնել, թե՞ ոչ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.