Աննախադեպ քննարկում՝ Փաշինյանի մոտ. նոր բարքեր՝ գործարար-պետություն հարաբերություններում

Վարչապետը ֆեյսբուքյան գրառում է կատարել, ուր տեղեկացրել է, որ քննարկման է  դրվել տնտեսական մի աննախադեպ առաջարկ:

«Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է:

Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»,-մասնավորապես՝ ասված է վարչապետի գրառման մեջ:

Եթե կյանքի կոչվի այն, ինչի մասին խոսում է  Փաշինյանն, ապա իսկապես աննախադեպ բանի ականատես կդառնանք. Հայաստանի տնտեսությունը կարող է անսպասելիորեն աշխուժանալ, մասնավորն էլ՝ ազատորեն շնչել, տնտեսության մեջ շրջանառվող փողի ծավալն՝ էականորեն մեծանալ և այլն:

Իհարկե, Փաշինյանի գրառումն արդեն իսկ հասցրել է արժանանալ  քննադատության, իսկ որոշ տնտեսագետներ էլ փորձում են փաստարկել Փաշինյանի պլանների անիրագործելիությունը, սակայն կարևորն այս ամենում ոչ միայն այն է, թե ինչ շանսեր կան՝ կյանքի կոչելու համարձակ ծրագրերն, այլև այն, թե ինչի մասին են վկայում դրանք:

Հեղափոխությունից հետո՝ նոր իրականության պայմաններում, իշխանություններն արմատապես վերանայել են գործարար-պետություն կամ անհատ ձեռներեց-չինովնիկ հարաբերությունները: Փաշինյանն ասում է, որ պետությունը փորձելու է գործարարներին վերադարձնել իր պարտքերը:

Այսպիսով՝ պետությունը դուրս է բերվում պահանջատիրոջ կարգավիճակից ու դառնում պատասխանատվություն կրող, սեփական պարտքը գործարարի առաջ ազնվորեն կատարող սուբյեկտ:

Ահա հենց սա է, որ երկար տասնամյակներ պակասել է Հայաստանին, և որի պակասի հետևանքով պետությունը նախկինում կրել է բազմաթիվ կորուստներ՝ մարդկանց շրջանում ընկալվելով որպես յուրատեսակ ռեպրեսիվ գործիք: Ունեինք մի պետություն, որին պարտք էին բոլորն, իսկ փոխադարձ պատասխանատվության մասին խոսք լինել չէր կարող:

Հիմա իշխանությունները փորձում են նոր որակ հաղորդել պետությանն ու այն դարձնել իսկական գործընկեր գործարարի համար, ինչը պետք է առաջին հերթին ոգևորի անհատ ձեռներեցներին ու գործարար հանրույթին՝ աշխատելու, արարելու իրենց առաջ պատապխանատվություն կրող երկրում, ավելի համարձակ քայլեր անելու:

Փաշինյանի նպատակը մարդկանց հավատ ներշնչելն է  սեփական երկրի հանդեպ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.