Ռուսահայ կապիտալը՝ գործողության մեջ. ի՞նչ են մտմտում Մոսկվայում

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնել է Ռուսաստան: Մինչև սեպտեմբերի 17 տևելիք գործուղման ընթացքում Սինանյանն այցելելու է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի:

Սինանյանը կհանդիպի այնտեղ գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որի ընթացքում կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը:

Այս ֆոնին, թերևս, հետաքրիր է հնչում օրերս մամուլ սպրդած այն տեղեկությունը, որ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը որոշում է ընդունել վաճառել Հայաստանի «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերությունը, որտեղ գործում է նաև «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Ուշագրավ է, որ ըստ տեղեկությունների՝ գնորդի հավանական թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խումբն է ։

Մոսկվայում կարծես որոշել են նոր թափ հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք ամրապնդելով տնտեսական դաշտում, որից էլ կբխի նաև քաղաքականը,  և սա այն դեպքում, երբ խոսակցություններն այն մասին, որ  Քոչարյանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները կարող են թևակոխել մարման կամ լարման փուլ:

Ի դեպ՝ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով նմանօրինակ լուրերը, հայտարարել է, որ դրանք հորինածին են:

«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են և ունակ են պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։ Հարցերի փոխկապակցվածություն որևէ կերպ գոյություն չունի և չի կարող ունենալ»,-մասնավորապես՝ ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Հայաստանի իշխանությունների առջև խնդիր է դրել մինչև հոկտեմբերի սկզբին Երևան կայանալիք իր այցը ազատության մեջ տեսնել Ռոբերտ Քոչարյանին:

Ճիշտ է՝ հարց է, թե  վերոհիշյալ հասարակական կազմակերպության ստեղծման բուն նպատակը որը կարող է լինել, և այդ իմաստով դեռևս ժամանակ է հարկավոր՝ լիարժեքորեն հասկանալու դրա ստեղծման բուն նպատակն ու այն, թե դրա ստեղծումը կարո՞ղ է խթան դառնալ Հայաստան-ռուսահայ կապիտալ կապերի ամրապնդման համար, թե՞ ոչ, սակայն այն, որ որոշակի դրական պրոցես կարծես նշմարվում է, արդեն իսկ լավ է:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության զարգացումն աներկբայորեն բերելու է ներկա իշխանությունների դիրքերի ամրապնդմանն, ու խոստացված տնտեսական հեղափոխության մասին թեզերն, անկախ ամեն ինչից, սկսելու են մարդկանց ականջին հնչել շատ ավելի համոզիչ կերպով: Գնալով Հայաստանում կատարելիք հնարավոր ներդրումների ճանապարհով՝ Ռուսաստանը կամա-ակամա նպաստելու է ՀՀ իշխանությունների ամրապմնդմանը: Հարց է, սակայն, այն, թե ի՞նչը կարող է ստիպել Մոսկվային նպաստել ասենք հայաստանյան իշխանությունների հանրային վարկի մեծացմանը՝ հաշվի առնելով հետհեղափոխական Հայաստանին բնորոշ հայտնի ռեալների գործոնը: Մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսության մեջ կատարելիք ներդրումները կարող են դառնալ Ռուսաստանի այցեքարտը մի ժամանակահտվածում, երբ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունն այսօր լիարժեքորեն գիտակցում են նաև Կրեմլում՝ շատ լավ հասկանալով, որ եթե թուլանան այդ կապերն, ապա Մոսկվան ամբողջությամբ կարող  է կորցնել Անդրկովկասը: Ահա այս գիտակցումն է, որով կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում պարբերաբար Հայաստան ժամանող Սամվել Կարապետյանին կրկին մեջտեղ բերելու Մոսկվայի ձգտումը. «կարկանդակի» ռազմավարությունն այս իրավիճակում կարող է ավելի արդյունավետ լինել, քան՝ մտրակինը:

Ամեն դեպքում ուրախալի է առնվազն այն, որ Ռուսատսանում մտադիր չեն երկկողմ հարաբերությունները կապել Քոչարյանի ճակատագրի հետ:

Քոչարյանի շուրջ ընթացողը բացառապես իրավական պրոցես է, և այս ճշմարտությունը շատ լավ հասկանում են նաև Մոսկվայում՝ մի կողմից՝ փորձելով չփչացնել Քոչարանի հետ հարաբերությունները՝ նրան անուշադրության մատնելով, մյուս կողմից՝  կենսունակ պահել հարաբերությունները հայաստանյան նոր իշխանությունների հետ՝ ինչ-որ կեր «լեզու գտնելով»՝ ի շահ ՌԴ ազգային ու պետական շահերի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.