Քոչարյանին չեն ազատի. Հրայր Թովմասյանին հեռացնելու նուրբ արվեստը

Մեկնաբանելով  Քոչարյանի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումը՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ՍԴ–ի կողմից Քոչարյանի հայցը քննելու պրոցեսը կասկածելի է եղել։ Ըստ նրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135–րդ հոդվածի 2–րդ մասը ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել:

Իր հերթին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Lragir.am-ի հետ զրույցում խոսելով ՍԴ որոշման հնարավոր հետևանքների մասին, ասել է. «Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը չի ճանաչվել հակասահմանադրական։ Հետևաբար, խոսք չի կարող լինել խափանման միջոցը փոխելու մասին»։

Միաժամանակ պատասպանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը քայլեր չարեց՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակը լուծելու համար, Սիմոնյանը պատասխանել է. «ՍԴ-ի ամենամեծ խնդիրը Հրայր Թովմասյանն է։ ՍԴ-ն այսօր ճգնաժամի մեջ է նրա պատճառով։ Այսօր ունենք իրականություն, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը մնացել է սերժառոբական ռեժիմի վերջին բաստիոնի ներկայացուցիչը։ Որքան շուտ ընկնի այդ բաստիոնը, այնքան լավ։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար, բայց կանենք օրինականության սահմաններում, այլ ոչ թե շտապելով»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ, 1in.amհետ զրույցում մեկնաբանելով իրավիճակն, ասել է. «ՍԴ որոշումը, անկախ իր բովանդակությունից, ինձ համար չի կարող լեգիտիմ լինել, քանի որ կայացվել է ոչ լեգիտիմ մարմնի կողմից: Մենք գիտենք նաև, որ ՍԴ առկա ճգնաժամը նաև լուրջ լեգիտիմության բաղադրիչ ունի իր մեջ՝ հանձինս ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի. բոլորը գիտեն՝ ինչ լուրջ խախտումներով է Հրայր Թովմասյանն այդ պաշտոնին հասել»:

Բանախոսների արտահայտած մտքերից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանին, այնուամենայնիվ, ազատ չեն արձակի՝ անկախ ամեն ինչից: Միաժամանակ այս ամենի ֆոնին խիստ կասկածելի է դառնում Հրայր Թովմասյանի ճակատագրի հարցն, ով, փաստորեն, այլևս հայտնվել է անդունդի եզրին՝ փորձելով խաղալ երկու լարերի վրա  միաժամանակ:

Որքան էլ, սակայն, իշխանությունների համար Հրայր Թովմասյանը լինի անցանկալի անձ, առաջինների առաջ կախված է մնում Հայաստանում ընթացող կամ պլանավորվող պրոցեսների լեգիտիմության հարցը. հարկավոր է պրոցեսները կազմակերպել այնպես, որ դրանք կողքից դիտորդի համար չթվան հակաժողովրդավարական: Ի դեպ՝ Սիմոնյանն իր վերոհիշյալ հարցազրույցում շեշտում է հենց այդ միտքը և չի սխալվում:

Հայաստանում ժողովրդավարությունն անդառնալի գործընթաց է, պարզապես այն պետք է կազմակերպել ու իրականացնել այնպես, որ այն ընկալելի դառնա ոչ միայն հասարակության, այլև աշխարհի կողմից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.