Քոչարյանի գործի աշխարհաքաղաքական կողմը. իշխանությունները պետք է հաշվարկեն

Սահմանադրական դատարանի՝ Քոչարյանին վերաբերող երեկ կայացրած որոշումն, որով  Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչվել է Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր, իսկ 135-րդի 2-րդ մասը՝ Սահմանադրությանը համապատասխանող, երկակի մեկնաբանությունների տեղիք է տվել մասնագիտական շրջանակներում. ոմանք պնդում են թե Քոչարյանը որոշման հիմքով մեկ վայրկյան անգամ չի կարող մնալ կալանքի տակ, մյուսներն էլ համոզմունք են հայտնում, որ որոշումն էական ոչինչ չի փոխում Քոչարյանի գործում:

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները ՍԴ էին դիմել պահանջով՝ ստուգելու Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին վերը նշված հոդվածների սահմանադրականությունը։

Անկախ խնդրի իրավական կողմից, որը, փաստոեն, բավական խճճված է, կա նաև հարցի քաղաքական, ավելի ճիշտ՝ գեո-պոլիտիկ կողմը:

Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում Քոչարյանին, փաստ է, որ նրան հաջողվել է դառնալ ոչ միայն ներքաղաքական, այլև նույնիսկ աշխարհաքաղաքական գործոն:

Շատ փորձագետներ հայ-ռուսական հարաբերությունների որակն այսօր պայմանավորում են հիմնականում Քոչարյանի ճակատագրով՝ չնայած այն հանգամանքին, որ, օրինակ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանն օրերս Երևանում հայտարարել էր, թե  Քոչարյանին Պուտինից ուղղված շնորհավորանքում ոչինչ արտառոց չկա, և որ երկրում ընթացող իրավական պրոցեսները, որոնք ծավալվում են նաև Քոչարյանի շուրջ, բացառապես ՀՀ ներքին գործն են, որևիցե արտաքին միջամտության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հայ-ռուսական հարաբերությունները, որ հեղափոխությունից հետո նոր որակ էին ձեռք բերել, այժմ կարծես այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում: Օբյեկտիվ մարտահրավերները բավարար չէին, դեռ մի բան էլ հայտնվել են սադրիչներ՝ ի դեմս ասենք Դանիել Իոանիսյանի, ովքեր սկսել են բացահայտ սպառնալիքներ տեղալ Մոսկվայի և, մասնավորապես, Պուտինի հասցեին, ինչը, բնականբար, չի կարող չանհանգստացնել:

Ալեն Սիմոնյանն, օրերս մեկնաբանելով Դանիել Իոանիսյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառումն, ուր Արցախ դիտորդական առքելությամբ մեկնել պատրաստվող  անձը փաստացի բանտով էր սպառնացել ՌԴ նախագահին, խիստ բացասական է գնահատել Իոանիսյանի խառնակչությունը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Իոանիսյանի այդ արարքը բացասական հետևանքներ չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ «հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը ոչ մի պետական մարմին չի ներկայացնում»:

Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների համար յուրատեսակ փորձաքարի է  վերածվել ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինն, ով «168 Ժամի» հետ զրույցոմ, օրինակ, պատմել է, թե որքան ողբերգական մակարդակի է հասել ժողովրդավարությունը Ռուսաստանում՝ Միհրան Պողոսյանին էլ համարելով հատուկ ծառայությունների «ագենտ»:

Հոկտեմբերին ակնկալվում է Պուտինի այցը՝ Հայաստան, ուր ներկա է լինելու նաև Իրանի նախագահը:

Հեղափոխությունից հետո հայաստանյան իշխանությունները լուծում են մի շատ բարդ հարց՝ փորձելով ապացուցել, որ հայաստանյան ժողովրդավարությունը որևիցե կերպ չի կարող սպառնալիք համարվել այն համակարգի համար, որը ձևավովել ու աշխատում է Ռուսաստանում: Փաշինյանը տառացիորեն ամեն ինչ անում է Պուտինին համոզելու, որ իր գլխավորությամբ առաջ ընթացող Հայաստանը մինչև վերջ հավատարիմ է մնալու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն՝ անկախ այն հանգամանքից, թե ասենք նույն «Իմ քայլը» խմբակցությունում քանի արևմտամետ մարդ կա ընդգրկված, անկախ այն հանգամանքից, թե սորոսական շրջանակները հեղափոխությունից հետո Հայաստանում որքան են ավելացրել իրենց ազդեցությունը և այլն: Այդ անելու համար ՀՀ իշխանությունները նույնիսկ Սիրիա զորախումբ են ուղարկել՝ այդպիսով սպառնալիքի տակ դնելով ԱՄՆ-Հայաստան հարաբերւթյունները և այլն: Հիմա էլ, օրինակ, ըստ մամոլում շրջանառվող լուրերի, պատրսատվում են Հովհաննես Իգիթյանին ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից  հեռացնել՝ նրա՝ ռուսներին հաճելի չլիելու հիմքով:

Աներկբա է, որ եթե Քոչարյանի հարցում այս ամենի ֆոնին իշխանությունները դրսևորեն կտրուկ վարքագիծ ու քայլ անելուց առաջ չհաշվարկեն, իրավիճակը կարող է ավելի սրվել, իսկ հաշվի առնելով այն, թե որքան մեծ է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն անվտանգային հարցերում, այլև տնտեսական, պարզ է դառնում, թե ինչ կարող է նշանակել Երևանի համար Մոսկվայի հետ ունեցած հարաբերությունների սառեցումը. Տնտեսական հեղափոխություն ասվածը կարելի կլինի առհասարակ մոռանալ՝ նկատի ունենալով հատկապես արևմտյան ներդրումների ուշացման հանգամանքը: Այս պայմաններում Հայաստանը չի կարող  մտածել ասենք հայ-ռուսական հարաբերությունների սառեցումն Արևմուտքի հետ հարաբերությունների հաշվին կոմպենսացնելու մասին, քանզի դա այս պայմաններում անիրատեսական կլինի ու խիստ վտանգավոր՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներն ու Բաքվի կողմից գրեթե ամեն ամիս իրականացվող զորավարժությունները:

Հայաստանին հարկավոր են ամուր, փոխվստահելի ու հնարավորինս անամպ հայ-ռուսական հարաբերություններ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.