Բացասական ազդակներ՝ փոխվարչապետներից. սեպտեմբերի 4-ի գինը

ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ ունեցած իրենց զրույցներում Կառավարության անդամները խոսել են Ամուլսարի խնդրի մասին:

Մասնավորապես՝ լրագրողների հարցին՝ ի՞նչ կարող է ասել Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախ՝ հրաժարվել է կարծիք հայտնել՝ պայմանավորելով դա արբիտրաժային գործընթացների հնարավորությամբ, ապա՝ բացասաբար է պատասխանել լրագրողների այն հարցին,թե արդյոք իրեն մտահոգե՞ց այն, ինչ տեղի ունեցավ  տեսակապի  ընթացքում:

« Ոչ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ  տեսակապի ընթացքում,  արդեն իսկ գրված էր «Էլարդի» եզրակացության մեջ»-մասնավորապես՝ հայտարարել է Ավինյանը:

Ավինյանը նաև ասել է, որ մտահոգ է բնապահպանական խնդիրների շահագործմամբ, բոլոր հանքերի շահագործմամամբ մտահոգված է, և Ամուլսարի հարցը բացառություն չէ: Փոխվարչապետը միաժամանակ հերքել է այս խնդրում իր անձնական շահագրգռվածության մասին խոսակցությունները:

Իսկ ահա հարցին՝ որևէ պարտադրանք կա՞, որ պետությունը պետք է անպայման հանքը շահագործի, Ավինյանը պատասխանել է. «Միակ պարտադրանքն այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն, օրենքի երկիր»:

Մյուս փոխվարչապետն էլ՝ Մհեր Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կարծում է՝ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ՝ թե՛ իրավական տեսանկյունից, թե՛ տնտեսական տեսանկյունից և թե՛ բնապահպանական տեսանկյունից:

«Միայն ճիշտ համակցությունը կբերի որոշման՝ այս 3 փորձագիտական կարևորագույն եզրահանգումներով,-ասել է Գրիգորյանն ու հավելել, - Այդ համակցության մեջ բնապահպանական հարցը կարևորագույն հարցերից մեկն է, և մինչև բոլոր պատասխանները չլինեն, հանքը չի շահագործվի»:

Պաշտոնյաների մեկնաբանություններն ուշագրավ են հնչում՝ հատկապես երկու հանգամանքով պայմանավորված՝ նախօրեին «Իմ քայլում» կայացած օրակարգային քննարկման, ուր, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվել է նաև Ամուլսարի հարցն, ինչպես նաև սեպտեմբերի 4-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից Ամուլսարի խնդրի վերաբերյալ ակնկալվող եզրակացության հրապարակման:

Բարձրաստիճան պաշոնյաների խոսքերից կարելի է  եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, Ամուլսարի հանքի շահագործման հարցը ևս մեկ անգամ ձգձգվելու է:

Ավինյանի նյարդային պահվածքն արդյոք կարո՞ղ է պայմանավորված լինել խնդրի վերաբերյալ ներքին կարգով արդեն իսկ կայացված որոշման հետ,թե՞ դեռ ոչինչ էլ չի որոշվել, ու իսկապես բոլորն անհամբերությամբ սպասում են Էրիկ Գրիգորյանի ուղերձին:

Ավինյանն իր խոսքում մի շատ կարևոր միտք է շեշտում. նա պնդում է, որ «մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն, օրենքի երկիր», ինչով, ըստ էության, շոշափում է  չափազանց կարևոր մի խնդիր:

Եթե Ամուլսարի հարցը ձգձգվի, իսկ դրա հավանականությունը բավական մեծ է, ի՞նչ կանի «Լիդիանը», արդյոք կհամբերի՞, կգնա՞ չորրոդ փորձաքննության ճանապարհով, թե՞ այլևս հարցը կտանի արբիտրաժ՝ հենց միայն այն հիմնավորմամբ, որ բացառապես իր նկատմամբ է դրսևորվում խտրական վերաբերմունք, և մինչ մյուս հանքերը շարունակում են բնապահպանական բազմաթիվ նորմերի խախտմամբ շահագործվել, Ամուլսարի հարցը Կառավարությունը վերածել է համաշխարհային «թամաշայի»՝ տնտեսական զարգացման հարցում անչափ կաևոր այս ծրագրի ճակատագիրը հանձնելով բացառապես բնապահպանների «ողորմածությանը»: Դատելով մինչ այս ստացված ազդակներից՝ ընկերության համբերության բաժակն այլևս լցվել է:

Այս պարագայում կունենա՞, արդյոք, Հայաստանը հնարավորություն՝ հնարավորինս նվազ կորուստներով դուրս պրծնելու «Լիդանի» հետ բախումից միջազգային արբիտրաժում, թե՞, այնուաենայնիվ, ազգովի ստիպված ենք լինելու հարյուրավոր միլոնների հասնող գումարներ վճարել ընկերությանը՝ տնտեսության համար դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով:

Իսկ Հայաստանի միջազգային վա՞րկը, ի՞նչ է լինելու դրա հետ:

Այս հարցադրումներն անչափ կարևոր են, ու դրանց պատասխաններից է բխելու այն, թե ինչ ճակատագիր կունենա ոչ միայն Հայաստանի տնտեսությունն, այլև այն, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները նաև ներքաղաքական դաշտում: Փաշինյանի համար այս խնդիրն ակհայտորեն դարձել է հսկայական բեռ, որի և՛ ձգձգումը, և՛ վերջնական փակումը՝ցանկացած տեսքով, կարող են հավասարապես վտանգավոր լինել իշխանությունների համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.