Կարմիր քարտ՝ Վիտալի Բալասանյանին

Մեկնաբանելով օրերս Վիտալի Բալասանյանի կողմից հնչեցված սկանդալային հայտարարություններն, ուր Արցախի հերոսը Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանությունը բռնազավթելու մեջ՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է. «Դա, ըստ էության, նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած և ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:

ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրելու Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար (խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ Ստեփանակերտի գրասենյակին ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրվելիք գումարների մասին է), բավական բուռն քննադատության տեղիք է տվել: Հատկապես արտախորհրդարանական ուժերը Փաշինյանին սկսել են մեղադրել արևմտյան կազմակերպությունների առաջ «կանաչ լույս վառելու» ու դրանց Արցախ ներթափանցելու հարցում օգնութուն տրամադրելու մեջ. նրանք համոզված են, որ դա կարող է հանգեցնել բնավ ոչ լավ հետևանքների՝ Արցախը դարձնելով պայքարի թատերաբեմ՝ միմյանց հետ հակամարտող աշխարհաքաղաքական կենտրոնների ու ուժերի համար:

Բալասանյանն իր կոշտ հայտարարությունները հնչեցրել էր հենց վերոհիշյալ խնդիրը մեկնաբանելիս՝ Փաշինյանի քայլը համարելով «անմիջական միջամտություն՝  Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»:

Մի կողմ թողնելով Կառավարության քայլի վերաբերյալ հնչող ամենատարբեր գնահատականների իսկության կամ արդարացիության հարցը՝ հարկ է  քննության առարկա դարձնել հատկապես Բալասանյանի գնահաականները՝ Նիկոլ Փաշինյանին:

Բանն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ  կարծիք ունի Փաշինյանի որոշման վերաբերյալ, դա չպետք է առիթ դառնա համաժողովրդական պայքարի արդյունք դարձած հեղափոխության նսեմացման:

Վերջիվերջո ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն այն անձն է, ով կարողացավ համաժողովրդական ընդվզումը կապիտալիզացնել այնպես, որ դրա վերջնարդյունքում ի կատար ածվեց հասարակության գլխավոր նպատակն՝ իշխանափոխությունը: Արդյոք ժողովրդից խլվածը ժողովրդին վերադարձնել ստիպելն՝ առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իշխանությունը սեփականե՞լ է, թե՞ այն իր օրինական տերերին վերադարձնել: Որտե՞ղ է երևում, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բռնազավթել է այն դեպքում, երբ հեղափոխության պահանջը ձևակերպվել ու, ըստ էության, կյանքի է կոչվել Հայաստանի ժողովրդի ջանքերով՝ դրսի հայերի լայն աջակցությամբ:

Իհարկե, ոչ ոք չի կարող ուրանալ Վիտալի Բալասանյանի ունեցած դերը Արցախի ճակատագրի հարցում, սակայն հայաստանյան իրադարձություններին տրվող գնահատականներում ամենաթողությունը ոչ մի պարագայում չի կարող թույլատրելի համարվել:

Բալասանյանը, լինելով փորձված ռազմական գործիչ, չի կարող չգիտակցել սեփական հայտարարությունների հետևանքները հատկապես արտաքին հարթակում: Հայաստանը պատերազմող երկիր է, և ցանկացած նմանօրինակ անճիշտ քայլ կարող է շատ վատ հետևանքներ ունենալ նույն Արցախի անվտանգության համար:

Թուրքի «բերա՞նն ենք լեզու դնում»…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.