«Լիդիանն»՝ արդարության որոնումներում. միջազգային արբիտրաժի սպառնալիքը

«Լիդիանը» տարածել է  հայտարարություն՝  կոչ անելով ՀՀ Կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ֆինանսավորել են Ամուլսարի դեմ արշավը:

Ընկերությունը միաժամանակ մեղադրել է իշխանություններին իր նկատմամբ ընդգծված խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ:

««Լիդիանը» ապօրինաբար զրկված է եղել Ամուլսարի տարածք մուտք գործելու և աշխատելու իր օրինական իրավունքից 2018թ. հունիսից: ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ընկերության աշխատելու իրավունքի վերականգնումը կախված է EALRD-ի կողմից իրականացվող աուդիտի արդյունքներից: Մինչ «Լիդիանը» համոզված էր, որ որևէ իրավական հիմք չկա Ընկերության աշխատելու օրինական իրավունքը հետագա որևէ աուդիտի հետ կապելու համար, այդուհանդերձ, «Լիդիանը» վերջին մեկ տարվա ընթացքում լիովին համագործակցել է 3 հաջորդական փորձաքննությունների շրջանակներում:

Հայաստանում որևէ այլ հանքարդյունաբերական ընկերության չի պարտադրվել նման փորձաքննություններ:
ՀՀ կառավարությունը հրապարակայնորեն ասել է, որ «Լիդիանը» և Ամուլսարի ծրագիրը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող արշավի զոհ են:  Հայաստանյան հասարակությունը ներքաշվել է անվերջանալի քննարկման մեջ մի փորձաքննության շուրջ, որն ի սկզբանե չունի որևէ իրավական հիմք հարցականի տակ դնելու «Լիդիան»-ի աշխատելու իրավունքը»,-մասնավորապես՝ ասվում է  հայտարարության մեջ, ուր նաև կասկած է հայտնվում ELARD-ի կողմից կոնֆերանսի ընթացքում ներկայացված պնդումների առնչությամբ:

«Լիդիանի» հայտարարությունը շոշափում է բավական ուշագրավ հարց՝ Ամուլսարի շուրջ բաձրացած աղմուկի  իրական պատճառների խնդիրը՝ միաժամանակ ակնարկելով, որ եթե բանը հասնի միջազգային արբիտրաժին, ապա  ELARD-ի վարքագիծը չի կարող Կառավարության համար դառնալ փրկօղակ.  հենց «Լիդիանի» նկատմամբ է դրսևորվել խտրական վերաբերմունք այն դեպքում, երբ Հայասանում ամենաբարձր չափանիշներով աշխատող միակ ընկերությունը հենց «Լիդիանն» է, ինչպես նաև, ընկերությունը հետհեղափոխական շրջանում փաստացի զրկված է եղել օրինական գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ պայմանավորված անպատիժ մնացող ճանապարհ փակող խմբերի դրսևորած վարքագծով, որը, փաստորեն, ոչ միայն հակազդեցության չի արժանացել, այլև հովանավորվել է որոշ ուժերի կողմից:

«Լիդիանի» պահանջատիրությունը իրականում բխում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս տիրող  թափթփված կամ, ժողովրդի լեզվով ասած, բրախած վիճակից: Մի դեպքում, երբ ասենք ռուսական ընկերությունը հանգիստ շահագործում է Սևանի ափին մեկ այլ ոսկու հանք՝ առանց Կառավարության կողմից հղվող ավելորդ հարցերի ու պահանջների, շատ դժվար է «Լիդիանի» նկատմամբ դրսևորվող «քթիմազությունը» որակել՝ պարզ հետևողականություն, և առնվազը կողքից տպավորություն է  ստեղծվում, որ գործ ունենք նպատակամիտված գործողությունների հետ,որոնց նպատակը «Լիդիանի»՝ Հայաստանում ծավալելիք գործունեության խոչընդոտումն է՝ի հաճություն որոշ հանքարդյունահանողների. սրանց ձեռք չի տա, եթե Հայաստանում ի դեմս «Լիդիանի» լիարժեքորեն գործունեություն ծավալի միջազգային ամենաբարձր չափանիշներով առաջնորդվող ընկերություն՝ միանգամայն հասկանալի պատճառներով:

Իրավիճակից ելքը կարող էր լինել Հայաստանի հանքարդյունաբերող ընկերությունների նկատմամբ կիրառվելիք համահավասար չափորոշիչներն ու ներկայացվող պահանջների միանմանությունը: Այս իմաստով նկատենք, որ Ամուլսարի ու նույն «Լիդիանի» շուրջ ստեղծված իրավիճակը սկզբունքորեն կարող է ու պետք է առիթ դառնա հանքարդյունաբերության ոլորտում նախահեղափոխական բարքերի վերանայման ու նոր խաղի կանոնների սահմանման համար: Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է լինի շահավետ ոչ միայն դրանով զբաղվող կոնկրետ ընկերության համար, այլև պետության, իսկ բնապահպանական բաձր չափանիշների ապահովումը պետք է դառնա հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր ընկերությունների առաջնային առաքելությունն՝ անխտիր: Այսինքն՝ ոլորտն ամբողջությամբ արմատական փոփոխությունների կարիք ունի:

Ինչ վերաբերում է  կոնկրետ «Լիդիանին», ապա ակնհայտ է, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքի հիման վրա, քանի որ հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ նույն մջազգային արբիտրաժում բողոք ներկայացնելու պարագայում կայացվելիք որոշումն իսկապես կարող  հօգուտ «Լիդիանի» լինել՝ դրանից բխող բոլոր բազմաշերտ հետևանքներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.