Արարատ Միրզոյանի որոշիչ հարցադրումը. բռնե՞լ, թե՞ տապալել քննությունը

Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանության վարկանիշի առումով մտահոգություն չի՞ տեսնում`կապված Ամուլսարի հնարավոր շահագործման հետ՝ հաշվի առնելով որոշ հասարակական տրամադրություններ, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեև այն խմբերը, որոնք քարոզում են հանքի չշահագործումը՝ «Ամուլսարը սար է մնալու, հանքը չի շահագործվելու» սկզբունքից ելնելով, այստեղ չեմ կարծում, թե էդ ակտիվ մարդկանց մեծ մասն, այնուամենայնիվ, «Իմ քայլին» է ձայն տվել, բայց կարևոր չի, թե ով է ձայն տվել, ով չի տվել. մենք բոլորին ենք ներկայացնում: Եթե Ամուլսարի դեպքում գանք շահագործման, որևէ այլ հարցում, կարծում եմ, իհարկե, կարող են լինել այնպիսի որոշումներ, որ իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել, այստեղ ուրիշ փիլիսոփայական հարց կա՝ արդյոք որևէ իշխանություն պիտի՞ մտածի, որոշումները կայացնի՝ ելնելով միմիայն վարկանիշից, թե՞ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ որևէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացում: Այստեղ պիտի պատասխանատվությունից խոսենք»:

Ամուլսարի խնդիրն այսօր իսկապես վերածվել է ամենասուր քաղաքական խնդրի: Փաշինյանն, ըստ էության, քաղաքական որոշում է կայացրել՝ չխոչընդոտելու իրադարձությունների բնականոն զարգացմանը, որի երաշխավորման դեպքում հանքի շահագործումն անխուսափելի է լինելու. ՇՄԱԳ-ն, ինչպես ասում են, մաքուր է:

Բայց կա մի խնդիր, որը, ցավոք, այսօր բավական սուր կերպով է արտահայտված, և որն արդյունք է այն դատարկ պրոպագանդիստական հնարքների, որոնք շարունակաբար բանեցվում են որոշակի խմբերի կողմից՝  հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար՝ ճնշում բանեցնելու իշխանությունների վրա:

Արարատ Միրզոյանը, փաստորեն, չի հերքում հնարավոր վտանգները, սակայն միաժամանակ բավական դիպուկ ու միգուցե ինչ-որ իմաստով հռետորական հարց բարձրացնում՝ իշխանություններն ունե՞ն իրավունք ամբոխահաճություն դրսևորելու այնտեղ, ուր այն կարող է վատթար հետևանքներ ունենալ պետության վրա՝ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում: Չէ՞ որ Հայաստանն ի վերջո կայացած պետություն է, հեղափոխության ինստիտուցիոնալիզացումն էլ կատարվել է՝ հաջողությամբ դուրս բերելով երկիրն անցումային, խոցելի վիճակից: Հիմա պատասխանատու որոշումներ ընդունելու ժամանակն է՝ անկախ այն բանից, թե այս կամ այն որոշումն ինչպես կգնահատվի հասարակության մի հատվածի  կողմից:

Այս իմաստով Ամուլսարի հարցն այն առաջին վճռորոշ քննությունն է, որ հետհեղափոխական Հայաստանը պարտավոր է լինելու բռնել, քանի որ դրա տապալման դեպքում անխուսափելիորեն հառնելու են խնդիրներ, որոնց լուծումներն իշխանութուններին տրվելու են անհամեմատելիորեն դժվար: Մի պարագայում, երբ կշեռքի մի նժարին պետության միջազգային հեղինակությունն ու տնտեսական շահն է, իսկ մյուսին՝ ինչ-որ գրանտակերների սարքած աղմուկը, Կառավարությունը չի կարող որոշում կայացնել հոգուտ վերջինների, քանի որ շատ լավ հասկանում է, որ դրանից հետո շատ դժվար է լինելու լուրջ մարդկանց ինչ-որ բանում համոզելը, վստահոյւթյուն շահելը: Իսկ ինչպես հայտնի է, մի իշխանություն, որը չի կարողանում համոզել՝ բառիս խորքային իմաստով, ապագա չունի: Ահա թե որն է հարցի արժեքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.