Տետատետ. Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ «մարել կրակը»

Փաշինյանի այցը՝ Ջերմուկ, ազդակիր համայնքներ, կարևոր իրադարձություն պետք է համարել գրեթե բոլոր առումներով՝սկսած Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի վերջնական լուծման հեռանկարայնության ընդլայնման տեսանկյունից մինչև քաղաքական:

Գլխավոր հարցադրումն  այն է, թե ի՞նչ հետևանքներ կունենա Փաշինյանի համարձակ քայլը: Կարելի՞ է, արդյոք, Փաշինյանի կատարած մարզային այցի հանրային արձագանքներն ու սպասվելիք հետևանքները համարել յուրատեսակ ինդիկատոր ոչ միայն կոնկրետ Ամուլսարի խնդրում վարչապետի նկատմամբ ունեցած վստահության իմաստով, այլև խնդիրը դիտարկել շատ ավելի լայն համատեքստում՝ իշխանություն-հասարակություն հարաբերությունների ծիրում:

Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանի հանդիպումն ազդակիր համայնքների ու նույն Ջերմուկի բնակիչների հետ (կոնկրետ այն հատվածի, որը դեմ է հանդես գալիս հանքի շահագործմանը՝ պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով) դրական ազդեցություն  այսպես թե այնպես ունենալու է, ինչը, սակայն, չի նշանակում, որ կատարած այցը վերջակետ է դնելու այն բողոքի ալիքին, որ իրականում միանգամայն արհեստածին բնույթ է կրում: Նրանք, ովքեր  կոնկրետ շահեր են հետապնդում՝ «Լիդիանի» դեմ պայքար մղելով, անդրդվելի կմնան նույնիսկ Փաշինյանի այցելությունից հետո էլ ու կշարունակեն բողոքել ու նույնիսկ կշտամբել Փաշինյանին՝ իրենց «ձայնն անտեսելու մեջ»: Արդյոք այն ուժերը, որոնք կանգնած են բողոքի ակցիաների հետևում, վարչապետի վրա ճնշում բանեցնելու նպատակով չե՞ն փորձի մի մասի կարծիքը ներկայացնել որպես բոլորի համոզմունք ու այն դարձնել քաղաքական կռվան ընդդեմ Փաշինյանի՝ ստիպելու նրան նահանջել այդ թվում նաև սեփական թիմակիցների ճնշման տակ: Նման մանիպուլյացիաների հանրությունը կարո՞ղ է ականատես դառնալ, թե՞, այնուամենայնիվ, բանը դրան չի հասնի: Եվ կամ այդ պարագայում ՞ով պետք է հաշվի առնի այն ազդակիր համայնքների բնակիչների կարծիքն, ովքեր հանդես են գալիս հանքի շահագործման օգտին: Խոսքն առաջին հերթին Գորայքի ու Սարավանի բնակչության մասին է: Հարցերն, ինչ խոսք, բավական շատ են:

Թվում էր՝ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերում  կատարած հայտարարությունները, որն, ըստ էության, դարձավ նրա վճռական քայլն Ամուլսարի խնդրում՝ կոչված լինելով վերջակետ դնել հարցին, դարձավ այն կայծը, որից բռնկվեց  բանավեճերի, բախումների մեծ հրդեհը՝ Ամուլսարի հարցը վերածելով  ընդհուպ քաղաքական խնդրի:

Ի՞նչ հետևանքներ կունենա Փաշինյանի այցը Ջերմուկ, ազդակիր համայնքներ, այն կդառնա՞ ֆեյսբուքյան ուղիղ եթերի օրգանական շարունակությունը, թե՞ կօգնի արագորեն հանգուցալուծել թնջուկն ու իսկապես վեջակետ դնել բազմաթիվ մանիպուլյացիաների առիթ տված հարցին…

Մեկնաբանություններ