Ինչպե՞ս կազդի Ամուլսարի հարցը Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագրի վրա

Ամուլսարի խնդրով պայմանավորված՝ երկրում շատերը քաղաքական իրավիճակի ու նույնիսկ խորհրդարանական մեծամասնության ներքին ճգնաժամի կանխատեսմամբ են հանդես գալիս: ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, որ Փաշինյանի վարչապետությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ՝ պայմանավորված հատկապես սորոսական թևի ապստամբությամբ: Նման տեսակետ ունեցողներն ի սկզբանե ելնում են այն վարկածից, թե իբր Փաշինյանի իշխանության գալու գործում հսկայական է եղել Սորոսի հետ կապված ինչ-ինչ հիմնադրամների և այլ կազմակերպությունների դերակատարությունը:

Միամտություն կլինի կարծելը, որ նմանօրինակ կանխատեսումները կարող են իրականանալ, բայց ակնհայտ է  նաև, որ ներիշխանական  պառակտվածության խորացման,  սորոսական զանգվածի հնարավոր ինքնազտման արդյունքում Հայաստանում քաղաքական իրավիճակը կարող է յուրատեսակ տրանսֆորմացիայի ենթարկվել:

Ընդ որում՝ պետք է նկատել, որ այդ ներքաղաքական տրանսֆորմացիան կարող է ոչ թե վնասել, այլ, ընդհակառակն, օգնել Նիկոլ Փաշինյանին՝ ամրապնդելու ժողովրդի վստահությունը սեփական անձի նկատմամբ:

Ամուլսաի խնդրի լույսի ներքո բավական ուշագրավ երանգներ կարող է ձեռք բերել Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հայաստանյան ճակատագիրը:

Գաղտնիք չէ, և այդ մասին խոսվում է շարունակաբար, որ Փաշինյանի համար իսկական փորձաքար կարող է դառնալ հատկապես Ստամբուլյան կոնվենցիայի ընդունել- չընդունելու հարցը:

Ինչպես հայտնի է, այս հակասական կոնվենցիայի ընդունման հարցում ամենաշատը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս շահագրգռված են սորոսամետ ուժերը:  Արևմուտքը հույս ունի, որ կոնվենցիայի ընդունմամբ կավելացնի սեփական ազդեցությունը Հայաստանի վրա, կկարողանա առավել արագ տեմպերով մեր երկրին թելադրել սեփական արժեհամակարգը:

Միևնույն ժամանակ պարզից էլ պարզ է, որ ինչպես հասարակությունը կամ առնվազը դրա գերակշիռ հատվածն, այնպես էլ ազգային կառույցներն, ինչպես եկեղեցին, կտրականապես դեմ են հանդես գալիս կոնվենցիայի ընդունմանը. Արամ Ա-ի հայտարարությունը, որով նա իր մտավախություններն էր հայտնել՝ կապված կոնվենցիայի հետ, ամբողջացրեց հայ եկեղեցու դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Փաշինյանի համար կոնվենցիայի ընդունումը մի ծանրագույն բեռի է վերածվել: Նրա համար ամենալավ տարբերակը կլիներ կա՛մ հարցի քննարկման հետաձգումը կա՛մ, եթե հնարավոր լինի, դրա՝ ԱԺ օրակարգ չմտնելը:

Սորոսականների ներքին ընդդիմություն դառնալու նկրտումները, որոնք ակնհայտորեն չեն դադարելու է՛լ ավելի խորանալ ժամանակի ընթացքում, կարող են Փաշինյանի համար փրկօղակ դառնալ հատկապես Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման-չընդունման հարցում, քանի որ Ամուլսարի խնդրով պայմանավորված՝ հստակ ջրբաժան է առաջանալու վարչապետի ու սորոսականների միջև, ինչն էլ զրկելու է վերջիններիս Փաշինյանի առաջ այս կամ այն հարցի վերաբերյալ բարեխոսելու  իրավունքից, ինչպես նաև խանգարելու է արդյունավետորեն իրագործել յուրատեսակ կոմունիկատորի այն դերակատարումը, որն նրանց վրա դրել են արևմտյան ուժերը՝ Փաշինյանին հնարավորինս վերահսկելու կամ հարկ եղած դեպքում նրան իրենց կամքը թելադրելու նպատակով:

Վարչապետին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունում ընդհանրապես հարկավոր չէ, ավելին՝ դա նրա համար իրականում կեղծ օրակարգ է, քանի որ դրանով նա հարվածի տակ կհայտնվի ինչպես ընդդիմության, այնպես էլ սեփական թիմի ոչ սորոսական հատվածի կողմից՝ ենթարկվելով հասարակության մոտ չհասկացված մնալու մեծ ռիսկին:

Որքան էլ կարող է պարադոքսալ հնչել, բայց սորոսականների հակափաշինյանական բոյկոտը Փաշինյանին կարող է օգնել՝ խուսափելու շատ ավելի մեծ վտանգից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.