Փաշինյանին «по барабану»

Ամուլսարի վերաբերյալ օրերս վարչապետ Փաշինյանի արտահայտած հստակ դիրքորոշումը հատկապես տեղեկատվական դաշտում իսկական վայնասուն է  բարձրացրել:

Փաշինյանից դժգոհ զանգվածը՝ բնապահպան լինի, թե՞  Փաշինյանի ստվերի հաշվին քաղաքական ուղի կերտած մեկը, լրատվամիջոցներում տագնապ են բարձրարցրել՝ տպավորություն ստեղծելով, թե Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանում սկսվելու է վերջի սկիզբը:

Բավական ակտիվ էին հատկապես «Իմ Քայլի» սորոսական հատվածի ներկայացուցիչներն, ովքեր, հակադրվելով Փաշինյանին և այդպիսով ջուր լցնելով բացառապես բիզնես շահեր հետապնդող սեգմենտի ջրաղացին, ակնհայտ բախման էին գնացել վարչապետի հետ՝ գուցե ոմանց մոտ ստեղծելով ինքնաբավ գործիչների տպավարություն:

Նույնիսկ տարբեր տեղերից հասցրել են հնչել կոչեր՝ ԱԺ-ում առանձին պատգամավորական խումբ ստեղծելու մասին՝ խումբ, որի բանուգործն օրը 24 ժամ պետք է դառնա բնության ու «Լիդիանի» հաշվին քաղաքական ինքնափիառը:

Այս օրերին ԶԼՄ-ներում հաճախ կարելի է  հանդիպել վերլուծությունների, որոնք գուժում են Ամուլսաի հողի վրա «Իմ Քայլի» անխուսափելի պառակտման մասին: Խոսք է գնում կուսակցության սորսոսական հատվածի՝ «մեկ մարդու պես» կուսակցության միջուկից զատվելու, Նիկոլ Փաշինյանից հեռանալու ու նույնիսկ նրան ընդդիմանալու մասին:

Թե որքանով են հիմնավոր նման տեսակետները, թերևս, կարող է պարզ դառնալ ժամանակի ընթացքում միայն: Մեծ հարց է, սակայն, այն թե ինչ կարող է նման հնարավոր սցենարը տալ երկու կողմերին կամ խլել նրանցից, եթե, իհարկե, հակամարտությունը կրի շարունակական բնույթ, իսկ իրենք իրենց հանրությանը որպես «պրինցիպի» համար նույնիսկ  ինքնասպանությունից չխորշող   մատուցել փորձողները շարունակեն համառել:

Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է պարզել՝ ով ով է ընդհանրապես:

Միանգամից ասենք՝ արևմտյան կասկածելի հովերով տարվածներն այսօր Հայաստանում ոչինչ չէին արժենա, չէին ունենա որևիցե ազդեցություն կամ, առավել ևս, իշխանություն, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի խարիզման. նա է իր հեղափոխությամբ «մարդ սարքել»  շատերին՝ իր հեղինակության հաշվին իշխանությամբ օժտելով այնպիսիներին, որոնց` խորհրդարանում հայտնվելու շանսերն ի սկզբանե զրոյական կլինեին, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ստվերը:

Ի դեպ՝ նա դա արել է հակառակ  այն բանի, որ  դրա պատճառով ինքն անձամբ տուժել է բավական շատ ու հիմա էլ տուժում է՝ հաճախ մեղադրվելով ոչ կոմպետենտ մարդկանցով շրջապատված լինելու մեջ, որոնց միակ «վաստակը» հեղափոխության օրերին Նիկոլի հետևից վազելն է եղել:

Ընդ որում՝  պետք է հաշվի առնել նաև այն, որ սրանցից Փաշինյանի կրած վնասները չեն սահմանափակվում միայն ներհայաստանյան կամ ներքաղաքական սահմաններով. արտաքին միջավայրում նույնպես Փաշինյանը խնդիրներ է ունեցել: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է, երբ նոր իշխանությունները բավական տևական ժամանակ ստիպված էին ռուսներին ապացուցել, որ Հայաստանում տեղի ուենցածը ոչ թե գունավոր հեղափոխություն էր, այլ զուտ ներհայաստանյան ֆենոմեն: Փաշինյանի նկատմամբ Կրեմլում ժամանակին գոյություն ունեցած կասկածներն ի հայտ էին եկել հենց նույն սորոսականների գոյությամբ:

Որքան էլ պարադոքսալ կարող է հնչել, փաստ է, սակայն, որ սորոսականները Փաշինյանին չեն կարողանում օգնել անգամ Արևոմւտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Թրամփը, ով ԱՄՆ նախագահ դարձավ շատերի համար անսպասելիորեն, պայքարի մեջ է գտնվում նույն Ջորջ Սորոսի և նրա մունետիկների հետ հենց ԱՄՆ ներսում. Թրամփին էլ սրանք հանգիստ չեն տալիս:

Այսինքն՝ հայաստանյան սորոսականները չեն կարող որևիցե կերպ կապող կամուրջ դառնալ անգամ Արևմուտքի հետ շփումներում, ինչն, ըստ էության, զրոյին է հավասարեցնում նրանց օգտակար գործողության գործակիցը:

Սորոսականներն այսօր մեծ բեռ են դարձել՝ Նիկոլ Փաշինյանի ուսերին, ով ոչ մի «ախ էլ չի անի», եթե հանկարծ այս կոնտինգետը որոշի ինքն իրեն զատել վարչապետից:

Իսկ ինչ են շահելու սորոսականներն այն դեպքում, եթե ապստամբեն Փաշինյանի դեմ: Նրանք միմիայն տուժելու են ու փակելու են իրենց հայաստանյան կարիերայի վերջին էջը, քանի որ այլևս նման հնարավորություն չեն ունենալու: Ավելին՝ մեծ է հավանականությունը, որ սրանք կարող են կշտամբվել հենց իրենց արևմտյան տերերի կողմից՝ գործը տապալելու, ինչ-ինչ ծրագրեր վիժեցնելու համար: Գումարած սրան՝ սորոսականների զատվելն է՛լ ավելի կհզորացնի ՌԴ ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա, իսկ դա, ինչպես հայտնի է, այդ խմբի ահն ու սարսափն է,որոնց բուն նպատակը Հայասանի պորտը Մոսկվայից կտրելն է. նրանք հենց այդ հույսով են որոշակի աջակցություն ցուցաբերել Փաշինյանի հեղափոխությանը՝ հույս ունենալով հետագայում Փաշինյանի «խելքն ուտել» ու Երևանի ու Մոսկվայի միջև սեպ խրել: Չի ստացվել և չի ստացվելու:

Կարճ ասած՝ միակ կողմը, որ տուժած է դուրս գալու հավանական ներպալատական ապստամբությունից,  հենց ապստամբողներն են լինելու: Եթե նման սցենարը նրանց ձեռք է տալիս, թո՛ղ իրենց բախտը փնտրեն այլ ափերում, երջանկություն որոնեն օտար մեկի գրկում: Փաշինյանին «по барабану»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.