Հայաստանը շարունակում է հարստանալ. ինչպե՞ս լուծվեց խնդիրը

Վարչապետ Նիկոլ Փասշինյանը իր ֆեյսբուքյան էջում բավական ուշագրավ վիճակագրություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Փաշինյանը միաժամանակ հիշեցրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե ավել են վճարել 14.3% կամ 64 միլիարդ դրամով ավել գումար:

Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են  «Ֆլեշը», «Յուքոմը» «Նատալի Ֆարմը» «Սպայկան» «Սաս-Գրուպը» և այլք էականորեն մեծացրել են իրենց կողմից վճարվող հարկերի ծավալը (որոշ դեպքերում գերավճարները գերազանցել են 100%-ը):

Փաշինյանի հայտնած տեղեկությունը պետք է ուշագրավ համարել երկու կարևոր տեսանկյունից: Առաջինն այն է, որ այս պատկերն, ըստ էության, վկայում է տնտեսության առողջացման, տնտեսության մի շարք ռեալ սեկտորներում իրական աշխուժության մասին: Թվերն իսկապես հեղափոխական են և դրանք լիովին կարելի է տեղավորել տնտեսական հեղափոխության կոնտեքստում:

Մյուս կարևոր հանգամանքը, թերևս, այն է, որ նմանօրինակ թվերի գոյությունն ապացույցն է այն բանի, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները բացարձակապես ազատ են ու նույնիսկ ենթակա էլ չեն կոռուպցիոն գայթակղությանը: Փաշինյանի մատնանշած ընկերություններից մի քանիսը հանրությանը հայտնի դեմքերի սեփականությունն են հանդիսանում կամ՝ գործում նրանց հովանու ներքո՝ մարդկանց, որոնք նախորդ իշխանությունների օրոք հանրությանը հայտնի են եղել ոպես դրանց հետ սերտաճած ու դրանց գրպանային շահերը սպասակող դեմքեր, ինչի դիմաց էլ ունեցել են արտոնություն վճարելու հարկ ըստ ճաշակի:

Հիմա, փաստորեն, երկրում իրավիճակի փոփոխությունից հետո ականատես ենք դառնում միանգամայն նոր պատկերի՝ վկայող բոլորովին այլ իրողությունների մասին:

Այսօր էլ կա հասարակության մի շերտ, որը հեղափոխությունից ակնկալում է հաշվեհարդար բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որևիցե կերպ  կապված են եղել կամ, ինչու ոչ, այլսօր էլ կապեր ունեն նախորդների հետ: «Կուլակաթափությունը» շատերի կողմից դիտարկվում է որպես հեղափոխության պարտադիր բաղադրիչ, առանց որի հեղափոխությունը հեղափոխություն չի կարող համարվել:

Իշխանությունները, սակայն, ցուցաբերելով առավելագույն ողջախոհություն, գնացին շատ ավելի հետաքրքիր ու արդյունավետ ճանապարհով՝ ոչ թե սեփականության վերաբաշխման, այլ բիզնեսը լիարժեք հարկային դաշտ բերելու, այն օրենքի սահմաններում տեղավորելու ուղիով, ինչի արդյունքում նախ՝ երկիրը խուսափեց ցնցումներից, ապա՝  խոշոր սեփականտերերն ու փողատերերը սկսեցին իրենք իրենց շատ ավեի պատասխանատու դրսևորել հասարակության ու պետության առաջ:

Կասկած չկա, որ զարգացման նման տեմպերի ապահովման պարագայում տեսանելի ապագայում պետական բյուջեի եկամուտներն էական աճ են ունենալու: Դա թուլ կտա իշխանություններին ավելի էֆեկտիվորեն կյանքի կոչել սոցիալական քաղաքականությունը, լուծել անվտանգային հարցերը և, առհասարակ, ունենալ շատ ավելի արդյունավետ պետություն՝ արդարացնելով հասարակության հույսերը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.