Նիկոլ Փաշինյանի վերջին քայլը. թեման փակված է

«Այո՛, այս իրավիճակում ես երաշխավորված եմ ինձ զգում, որ կարող եմ հանդես գալ հարյուր տոկոսով անաչառ, հարյուր տոկոսով անշահախնդիր և հարյուր տոկոսով Հայաստանի ազգային և պետական հավասարակշռված շահը  սպասարկելու դիրքերից»,-այսպես է ամփոփել իր ֆեյսբուքյան ուղիղ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի ու դրա վերջնական հանգուցալուծման մասին:

Փաշինյանի հեղինակավոր խոսքն իսկապես անչափ սպասված պետք է համարել հատկապես մի իրավիճակում, երբ թվում էր՝ քաոսի հերթական ալիքից անհնար է լինելու խուսափել:

Անհերքելի փաստերով ողողված ելույթը, որը կարելի է  գնահատել որպես հիմնավոր պատասխան՝ իշխանություններին ակնհայտ շանտաժի ենթարկող «բնապահպան» ակտիվիստներին, աչքի ընկավ մի քանի ուշագրավ  ուղերձներով, որոնք իսկապես լույս են սփռում Ամուլսարի շուրջ ստեղխված անհեթեթ իրավիճակի վրա:

Փաշինյանի խոսքերից պարզ է դառնում, թե իրականում ինչի հետ գործ ունենք՝ ի դեմս  ողջ հակամուլսարանական շարժման:

Դեստրուկտիվ, մերկապարանոց պրոպագանդայի հետևում կարող են կանգնած լինել այլ հանքարդյունաբերողներ, որոնց ձեռնտու չէ միջազգային բարձր չափանիշներով աշխատող ընկերության գոյությունը Հայաստանում, քանի որ, ինչպես կարելի է եզրակացնել Փաշինյանի խոսքերից, իրենք էլ են ստիպված լինելու սեփական գործունեությունը բարձրացնել միջազգային ամենաբարձր մակարդակի՝ մի բան, որն, ինչպես հայտնի է, հավելյալ ծախսերի առիթ  է դառնալու, և մի բան, որին, ինչպես նշեց վարչապետը, ՀՀ իշխանություններն անպայմանորեն հետամուտ են լինելու՝ հանքարդյունաբերության նոր կուլտուրա ներմուծելով Հայաստան:

Ինչ վերավերում է այն լոզունգներին ու «փաստերին», որոնք մեկ տարի շարունակ և ցայսօր շահարկվում են մութ նպատակներ հետապնողների կողմից, ապա Փաշինյանն, իր խոսքում դրանց մեկիկ-մեկիկ անդրադառնալով, ցրեց բազմաթիվ մանիպուլյացիաների առիթ հանդիսացած  շահարկումներն ու շատ կոնկրետ օրինակներով ջախջախիչ հարված հասցրեց «բնապահպան» կոչվածներին. ցրեց այն պնդումների իսկությունը, թե իբր «Լիդիանի» գործունեությունը կարող է անդառնալի հարված հասցնել Հայաստանի ողջ ջրային ավազանին (այդ թվում՝ Ջերմուկի ջրերին, Սևանին և այլն)՝դրանից բխող բոլոր հետևանքներով (Փաշինյանը, մասնավորապես, բերել էր ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի օրինակը, ուր գտնվող համանուն լճից ընդամենը 2 կմ հեռավորության վրա շահագործվում է  հանք, ինչը, սակայն, որևիցե կերպ չի վնասում ջրերին),  թե իբր ուսումնասիրություն իրականացրած  «ELARD» ընկերությունը բավարար հեղինակավոր չէ և այլն:

Ավելին՝ Փաշինյանն իր խոսքում հրաշալիորեն հիմնավորում է  Քննչական կոմիտեի կայացրած որոշումն ու փաստերով պատռում բնապահպան ակտիվիստների դիմակը՝ նրանց նախազգուշացնելով, որ բողոքի ակցիաների շարունակականության պարագայում իշխանությունները ստիպված են լինելու այլ մոտեցում ցուցաբերել ակցիաներին՝ երկակի մեկնաբանության արժանացնելով դրանք: Այսպիսով՝ վարչապետը նախազգուշացնում է մանիպուլյատորներին այն հետևանքների մասին, որոնք անխուսափելիորեն ի հայտ են գալու, եթե այսուհետ ևս նրանք շարունակեն իրենց կեղտոտ խաղերը, բացառում է նոր քրեական գործի հարուցումը՝ միաժամանակ արձանագրելով այն իրողությունը, որ «Լիդիանի» դեմ պայքարի դուրս եկածների կողմից ներկայացվող փաստերում չկա գեթ մեկը, որը նորություն լինի և որը ուսումնասիրված չլինի այս մեկ տարվա ընթացքում:

Ինչպես հայտնի է, այս օրերին իշխանական ճամբարը երկփեղկված վիճակում էր գտնվում: Կարծիքները, որ հնչում էին խնդրի շուրջ տարբեր դեմքերի կողմից, տպավորություն էին ստեղծում, թե հարցն իսկապես առիթ է դարձել գաղափարական պառակտման հենց իշխանության ներսում, և միայն Փաշինյանը կարող է իր հեղինակավոր խոսքով մեկտեղել բոլորին ու իրավիճակին մի լուծում գտնել:

Լուծումը գտնվեց, և այժմ մնում է միայն հուսալ, որ  Նիկոլ Փաշինյանին իսկապես կհաջողվի հարթել անհամաձայնությունները ու կանխել երկպառակության խորացումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.