Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց որոշումը՝ թեժ աշնան նախանշա՞ն

Մամուլում արդեն իսկ հասցրել են առաջ քաշել վարկածներ, թե կոնկրետ ինչով կարող էր պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական օգնականներին աշխատանքից ազատելու վերաբերյալ օգոստոսի 15-ի անակնկալ որոշումը:

Հիշեցնենք, որ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը:

Վարկածներից մեկի համաձայն, որ առաջ է քաշել, մասնավորապես, «Հրապաակ» օրաթերթը, կոնկրետ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է եղել, ինչի արդյուքնում շատերը հրաժարվել են Հայաստանում ներդրումներ կատարելու մտքից։

Իհարկե, խորհդրականների ազատման փաստն ինքնին վկայում է կառավարման համակարգի ներսում առկա որոշակի խութերի մասին: Թե որքանով են իրական մամուլում տեղ գտած տեղեկությունները՝ խորհրդականների ազատման փաստի հետ կապված, թերևս, պարզ կդառնա գուցե մոտ ապագայում, սակայն գլխավոր հարցն այս ամենում, որ առաջ է  գալիս, այն է, թե արդյոք խորհրդականների ազատման փաստն ինքին չի՞ կարող վկայել առաջիկայում հենց Կառավարության ներսում որոշակի կադրային տեղաշարժերի, փոփոխությունների, տեղափոխումների, վերանայումների մասին:

Փաշինյանին շատերն են քննադատում ոչ արդյունավետ թիմ ունենալու, կառավարման համակարգից ոչինչ չհասկացող մարդկանցով շրջապատված լինելու, մոխրագույն զանգվածին իր հետևից մի կերպ քարշ տալու մեջ:

Թե որքանով են օբյեկտիվ այսօրինակ քննադատություններն, իհարկե, հարց է, սակայն ասօր ստիպված ենք արձանագրել, որ հեղափոխությունից նույնիսկ ավելի քան մեկ տարի անց էլ, երկրում գոյության ունեցած բազմաթիվ թերություններ դեռևս շարունակում են կենսունակ մնալ: Լրջագույն հարցերի տեղիք է տալիս հատկապես տնտեսության վիճակը. մեծամասշտաբ ներդրումներ չկան, օտարեկրյա ներդողներն այդպես էլ չեն շտապում Հայաստան, իսկ գնաճի ֆոնին աշխատավարձերի ու թոշակների բարձացումը շատերը համարում են աննշան առաջընթաց. հեղափոխությունից հասարակության ունեցած ակնկալիքները դեռ չեն արդարացել, իսկ շատերն էլ հիասթափվում են:

Ակնհայտ է, որ եթե ինչ-որ առաջընթաց էլ կա, ապա դրա դինամիկան գոհացուցիչ չէ, խոստացված տնտեսական հեղափոխությունն այդպես էլ ուշանում է, ինչն էլ օգնում է հատկապես արտախորհրդարնական ընդդիմությանն օր օրի ավելի հիմնավոր քննադատական ճառեր հնչեցնել, ավելի փաստարկված ընդդիմախոսել Փաշինյանին: Այս իրավիճակը հղի է քաղաքկան տհաճ հետևանքներով, ինչը չի կարող կոնկրետ եզրահանգումների տեղիք չտալ իշխանություններին:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ առաջիկա աշունը կարո՞ղ է սպասվածից ավելի թեժ լինել այն իմաստով, որ խորհրդարանում ակնկալվող բարդ քննարկումներից ու դրանցից բխող հնարավոր հեևանքներից զատ հասարակաւթյունը կարող է ականատես դառնալ հենց ներկառավարական որոշակի փոփոխությունների: Ի՞նչ հետևանքեր կարող է ունենալ հնարավոր աժիոտաժը,  արդյոք «աբիժնիկության» սինդրոմ ի հայտ չի՞ գա, կամ ինչպե՞ս կընկալվեն հնարավոր փոփոխությունները հենց հասարակության ներսում՝ հաշվի առնելով ընդդիմադիր պրոպագանդայի ներգործության մեծացման հանգամանքը:

Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու գնալ գուցե դժվարին որոշումների կայացման ճանապարհով, քանի որ տնտեսական ռեալ իրավիճակն երկրում այնքան էլ գոհացուցիչ չէ՝ չնայած վիճակագրական տվյալները կարծես այլ բան են հուշում: Բայց պետք չէ մոռանալ, որ նախորդ իշխանությունների օրոք նույնպես վիճակագրությունը բավական փայլուն էր, ինչը, սակայն, չխանգարեց ժողովրդին մեկ հարվածով հրաժեշտ տալ դատարկ վիճակագրությամբ իրեն կերակրել սիրող իշխանություններին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.