Բաժին : Իրավունք
«Լիդիան Արմենիայի» բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ
2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է․
Դեռևս 2018 թվականի հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնատար անձի կողմից հաղորդում էր ներկայացվել առ այն, որ 2018 թվականի հունիսի 22-ից մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով փակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքերը, վերջիններիս կողմից հասարակական կարգի կոպիտ խախտման գործողություններով զուգորդված՝ իրականացվում է ինքնիրավչություն, որի հետևանքով Ընկերությանը շարունակաբար վնասներ է կրում։
Նախապատրաստված նյութերով գործի հարուցումը մերժվել էր հետաքննիչի կողմից, և այդ դիրքորոշումը պաշտպանվել էր Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազության կողմից, իսկ բոլոր երեք ՀՀ դատական ատյանները պաշտպանել են «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքորոշումը։
Կատարվում է նախաքննություն։