Հրաչյա Հակոբյանը՝ չարակամների թիրախում. ովքե՞ր են ստորագրություն կեղծողները

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքել է վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումների  իսկությունը, համաձայն որոնց` վերջին ժամանակներում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ակտիվություն դրսևորող ռուսական ընդդիմությանն օգնելու պատրաստակամություն է հայտնել անձամբ ինքը:

Համաձայն որոշ հրապարակումների՝ իբր Փաշինյանի աներորդին նամակ է հղել «Բաց հասարակությունների» ինստիտուտի գլոբալ օպերացիաների տնօրեն Գրեգ Թեյլորին՝ ակնարկելով սեփական պատրաստակամության մասին՝ աջակցելու սորոսականներին Ռուսաստանի հետ կապված իրենց պլաններն իրականցնելու հարցում:

Հակոբյանը խոստացել է շուտով հանդես գալ պաշտոնական հերքմամբ՝ համարելով այդ ամենը անհիմն կեղծիք, իսկ նամակում տեղ գտած իր ստորագրությունն էլ՝ անհաջող նմանակում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ռուսական մամուլի առնվազը մի սեգմենտը խիստ կասկածանքով է վերաբերվում հայաստանյան իշխանություններին: Պարբերաբար լույս են տեսնում հրապարակումներ, ուր այս կամ այն լրատվամիջոցը կամ հեղինակը փորձում է  «սենսացիա» առաջացնել՝ պատմելով ընթերցողներին իբր հայաստանյան նոր իշխանությունների ու արևմտյան որոշակի կառույցների միջև առկա «հատուկ հարաբերությունների» մասին:

Շատերը նմանօրինակ հրապարակումների կամ առանձին վերցրած ԶԼՄ-ների վարքագիծը պայմանավորում են Քոչարյանի գործոնով՝ համարելով, որ  հենց նա է կանգնած ՀՀ իշխանություններին վարկաբեկող հրապարակումների կամ հակափաշինանական տրամադրւթյունների հրահրման հետևում՝ մի բան, որն, ըստ էության, խիստ տրամաբանական ու հիմնավոր է թվում՝ հաշվի առնելով Քոչարյանի անհատակ միջոցներն ու քաղաքական հստակ նպատակները՝ զուգորդվող ՌԴ-ում ունեցած բազմաշերտ կապերով:

Աներկբա է, որ պատգամավոր Հակոբյանի շուրջ խմորվող այս սկանդալային պատմության հետևում նույնպես կարող են կանգնած լինել հայաստանյան որոշ հակահեղափոխական ուժեր՝ նպատակ հետապնդելով ռուսական իշխանությունների մոտ վարկաբեկել անձամբ Նիկոլ Փաշինյանին (Փաշինյանի աներորդու ընտրությունը պատահականության սկզբունքով չի արվել և հետապնդում է շատ կոնկրետ ու տեսանելի նպատակ), ռուսներին փաստելու, թե իբր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգավոր է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև անձամբ Պուտինի իշխանության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այս ամենից հետևությունը մեկն է. հայաստանյան իշխանությունները պետք է ուշադիր լինեն: Սուտը՝ սուտ, բայց այն շատ վատ հատկություն ունի. պարբերաբար կրկնվելու դեպքում դրան հավատացողներ էլ են գտնվում: Հետևաբար՝ անտեսել նմանօրինակ հրապարակումները գոնե այս փուլում ճիշտ չի լինի, և եթե այս կամ այն ռուսական լրատվամիջոցում դավադիր «փատեր» են հանդես բերվում, ապա դրանք պետք է անմիջապես հերքվեն և հերքվեն հիմնավորապես, այլապես Փաշինյանի քաղաքական հակառակորդներն առիթը բաց չեն թողնի՝  նրան խայթելու ու Կրեմլում անվանարկելու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.