Հայաստանը չի փոխի իր վարքագիծը. Զոհրաբ Մնացականյանի հստակեցումը

Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ ասուլիսի ժամանակ խոսելով վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտնի հայտարարությունների մասին՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. «Փաշինյանը Ստեփանակերտում Ղարաբաղյան հարցի լուծման մասին հստակ ձևակերպեց Հայաստանի դիրքորոշումը, ինչին հավելելու որևէ բան չկա։ Վարչապետի ներկայացրած դիրքորոշումը վերահաստատեց նաև ԱԳՆ–ն։ Մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվել այն դիրքորոշումներից, որոնք վերաբերվում են Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը և բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը հասնելու մեր հավատարմությանը»:

Փաշինյանի աննախադեպ համարձակ հայտարարությունները բնական արձագանք էին ստացել Ադրբեջանում, որի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել էր, թե ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը։

Զոհրաբ Մնացականյանն, ըստ էության, հաստատել է ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության արտահայտած տեսակետը:

Եվ իսկապես Փաշինյանի հայտարարությունների էությունը ոչ այլ ինչ էր, քան բանակցություններում Հայաստանի դիրքորոշման, սկզբունքային կեցվածքի՝ պարզ խոսքերով արված շարադրանք: Փաշինյանն իրականում ոչ մի նոր բան չի բացահայտել, քանի որ աշխարհն էլ լռելյայն վաղուց համաձայնել է այն մտքի հետ, որ Արցախն իսկապես Հայաստան է, այլ հարց, որ հաշտվելով այդ մտքի հետ՝ միաժամանակ տարբեր ուժային կենտրոններ, օգտագործելով հարմար առիթը, փորձում են տարածաշրջանում սեփական խաղը խաղալ՝ ռեալիզացնելու սեփական շահերը:

Ադրբեջանի փութաջանությունը՝ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելու սեփական շահի տեսանկյունից, իհարկե, հասկանալի է. Բաքուն առիթ է փնտրում կամ հորինում՝ Հայաստանին ագրեսոր, խաղաղ բանակցություններին անհավատարիմ երկիր մատուցելու համար: Սա հասկանալով է, որ հայկական կողմի համապատասխան արձագանքը չուշացավ:

Հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում աննախադեպ կերպով հզորացել են, ու հենց այդ հզորության նյութական արտահայտություններից մեկն էլ Փաշինյանի արցախյան հայտարարությունը պետքէ  համարել, որ գալիս է վերջակետ դնելու զանազան շահարկումներին ու  ստին:  

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.