Փաշինյանը մեկնում է Լոս Անջելես. համահայկական կոնսոլիդացիայի հրամայականը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է  այցելել Լոս Անջելես՝ սեպտեմբերի 22-ին հրավիրելով լոսանջելեսահայությանը մեծ հանդիպում ունենալու իր հետ:

«Հույս ունեմ, որ կքննարկենք նաև այն օրակարգը, որի մասին խոսել ենք նաև վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում…»,-մասնավորապես՝ ասել է Փաշինյանը՝ արձանագրելով՝ Լոս Անջելեսը ոչ բռնի, «թավշյա», ժողովրդական հեղափոխության  աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր, և շատ բարձր է գնահատում Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը:  

Ինչ խոսք՝ Փաշինյանi առաջիկա այցը՝ Լոս Անջելես ու հանդիպումը տեղի ու հարակից քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչների հետ խիստ կարևոր պետք է համարել ոչ միայն Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, միմյանց նորովի բացահայտման առումներով, այլև, ընդհանրապես, հայ-ամերիկյան հարաբերւթյունների խորացման տեսանկյունից: Հայաստան-ամերիկահայություն զարգացող փոխգործակցության մասին խոսելն ավելորդ կլինի այն պարագայում, եթե  չլինեն զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններ:

Փաշինյանն, իհարկե, քննարկելու շատ բան ունի լոսանջելեսահայոթյան հետ, և խոսքը միայն արցախյան հարցին չէ, որ կարող է առնչվել: Նույն լոսանջելեսահայության  համար առաջնային է հասկանալ, թե նոր Հայաստանի պայմաններում ինչ իրական հնարավորւթյուններ են ի հայտ եկել՝ է՛լ ավելի արդյունավետորեն զարգացնելու հայրենիքի հետ ունեցած հարաբերությունները: Փաշինյանն էլ  փորձելու է շոշափել, տեսնել՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մեկ տարի անց տեղացի հայերի շրջանում հեղափոխության ընկալումը փոխվե՞լ է, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է  այն այսօր:

Մյուս կողմից, իհարկե, Հայաստանն Ամերիկային կապող առաջնային օղակներից մեկն էլ հենց ամերիկահայությունն է, ու չնայած հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ինտենսիվությունը կարծես  սպասվածից պակաս է, սակայն հույսը, որ նոր իշխանություններին հաջողվելու է պատշաճ ուշադրության արժանանալ Վաշինգտոնում, պահպանվում է. այդ հարաբերությունները Հայաստանին հարկավոր են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական զարգացման իմաստով:

Բայց կա նաև Հայաստանի տնտեսկան գրավչությունը բարձրացնելու խնդիր, որի լուծումն էականորեն բարդացել է հատկապես Ամուլսրաի շուրջ ստեղծված թնջուկից հետո. ամերիկյան ամենախոշորամասշտաբ ներդրումային ծրագիրն այսօր փաստացի հայտնվել է կաթվածահար վիճակում, ինչը, բնականաբար, չի կարող հրապուրիչ գործոն համարվել արևմտյան ներդրողների համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի սակավ հնարավորությունների օբյեկտիվ հանգամանքը: հույս կա,որ շուտով Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկն, այնուամենայնիվ, կկարգավորվի, ինչը կդառնա կարևոր խթանիչ գործոն՝ Հայաստանում մեծացնելու արտասահմանյան ներդրումների ծավալը:

Իշխանությունների հստակ կամքը՝ հնարավոր բոլոր միջոցներով խթանելու Սփյուռքի հետ ունեցած հարաբերություններն ու դրանց տալու նոր որակ, դրվատելի է: Մնում է միայն ստեղծել օբյեկտիվորեն հրապուրիչ պայմաններ՝ խրախուսելու նույն լոսանջելեսահայության տնտեսական ակտիվությունը  հայրենիքում, երկու սուբյեկտները միմյանց անքակտելիորեն շաղկապելու:

Չի կարող լինել զարգացող Հայաստան առանց Սփյուռքի աջակցության, և՝ ուժեղ Սփյուռք՝ առանց զարգացող Հայաստանի այն էլ բազմաթիվ մարտահրավերներով լեցուն այս ժամանակաշրջանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.