Երևանին կհաջողվի՞ ստիպել Ռուսաստանին

Ինչպես տեղեկացրել է  ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և նրա ՌԴ պաշտոնակցի` Նիկոլայ Պատրուշևի հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը: Պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ:

Երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ խոսակցությունն ակնհայտորեն կարող է ծավալված լինել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի շուրջ՝ հարց, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը:

Ռուսաստանը, որը տարիներ շարունակ զենք է վաճառում Բաքվին, իր այդ քայլը հիմնականում բացատրում է երկու հիմնական գործոնով՝ բիզնես ու Բաքվի վրա  ռազմաքաղաքական ազդեցության պահպանում:

Իրականում Մոսկվայի պատճառաբանություններն, այնքան էլ հիմնազուրկ չեն՝ հաշվի առնելով մի կողմից՝ ՌԴ բյուջեի եկամուտների գեներացիայի հարցում զենքի վաճառքից ստացվող շահույթի վճռորոշ դերն ու Ադրբեջանի՝ ՌԴ համար կարևոր գործընկեր լինելու հանգամանքը:

Երևանը, սակայն, ունի բոլոր օրինական հիմքերը՝ Մոսկվայից պահանջելու այս զգայուն խնդրում ցուցաբերել առավել նուրբ մոտեցում, քանի որ զենքի գնորդը ոչ թե ինչ-որ չեզոք երկիր է, այլ ՌԴ ռազմավարական դաշնակցի նկատմամբ սեփական ախորժակը թաքցնել չփորձող Բաքուն, որի հզորացումը սկզբունքորեն ձեռնտու չի կարող լինել նաև Մոսկվային՝ նկատի ունենալով մի շարք հարթություններում Մոսկվայի ու Բաքվի միջև ձևավորված մրցակությունն ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հսկայական ազդեցությունն Ալիևի վրա:

Ի դեպ՝ ուշագրավ պետք է համարել այն, որ այս օրերին, երբ Պատրուշևը գտնվում է Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով է պարգևատրել Մեհրիբան Ալիևային «ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված արժանիքների համար»:

Սա ակնհայտ դիվանագիտական ժեստ է՝ Բաքվին, երբ Մոսկվան փորձում է հասկացնել Ալիևին, որ իր համար հավասարապես կարևոր են և՛ Երևանի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները, և կարիգ չկա Պատրուշևի երևանյան այցը դիտարկել հակաադրբեջանական պրիզմայի ներքո:

Ամեն դեպքում  Երևանի վճռակամությունը՝ տեղ հասցնելու սեփական գանգատը, պետք է գովելի համարել ու հույս հայտնել, որ հատկապես հետհեղափոխական Հայաստանի ձայնը Մոսկվայում շատ ավելի լսելի կլինի, քան նախկինում: Մյուս կողմից, իհարկե, այն, որ Ռուսաստանը կարող  է և հրաժարվել Ադրբեջանին ինտենսիվորեն զենք վաճառելու պրակտիկայից, սյզբունքորեն չի կարող  ՀՀ անվտանգության բացարձակ երաշխիք համարվել, քանի որ Բաքվի համար ոչ մի դժվարություն չի ներկայացնի պետք եղած զենքը ձեռք բերել այլ երկրներից:  

Հայաստանի անվտանգության հարցում վճռորոշ է Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացումն, ուստի՝ հայաստանյան իշխանությունների ողջ ջանքն ու եռանդն առաջին հերթին պետք է ուղղված լինի այդ փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն, հարկ եղած դեպքում ստիպելուն, որպեսզի Մոսկվան պատշաճ կերպով կատարի իր դաշնակցային պարտավորությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.