Պատրուշևն՝ Երևանում. Հայաստանը պետք է օրակարգ պարտադրի

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հրավերով երկօրյա այցով ժամանում է  Երևան:

Նախատեսվում է, որ ռուս բարձրաստիճան պաշտնյան Հայաստանում անվտանգության հարցերով խորհրդակցություն կանցկացնի երկու դաշնակից երկրների Անվտանգության խորհուրդների ու մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Անվտանգության ոլորտում նմանօպրինակ խորհրդակցություններն, իհարկե, նորություն չեն՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների էությունը:

Նկատենք, որ Պատրուշևի այս այցը  բավական ուշագրավ իրադարձությունների խորապատկերի ներքո է տեղի ունենում՝ և՛ ներքին, և՛ արտաքին հարթություններում:

Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ու այդ տարածաշրջանում կարևոր հանգույց համարվող Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները (առաջին հերթին՝ Պարսից ծոցում), արցախյան հակամարտությունն ու դրանում նկատվող երանգները և ոչ միայն Պատրուշևի համար կարող են դառնալ քննարկման լավ նյութ իր Հայաստանցի գործընկերոջ հետ՝ հատկապես նկատի առնելով այն, որ վերը նշված մի շարք հարցերի շուրջ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն միանման հետարքրություններ ու շահեր:

Միակ բանը, որը կարող է անհանգստացնել Մոսկվային, թերևս, Արցախում Փաշինյանի  հնչեցրած հայտնի ելույթն է, ուր, հիշեցնենք, ՀՀ վարչապետը Արցախը հռչակել էր՝ Հայաստան՝ մի բան, որը բոլորվին այլ երանգ է հաղորդում արցախյան հակամարտությանը՝ գուցե Ռուսաստանի համար դրանից բխող ռիսկերեվ:

Ըստ այդմ՝ հետաքրքիր  կլիներ իմանալ Պատրուշևի ու ի դեմս նրա նաև Կրեմլի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Ռուսաստանը պատրա՞ստ է  թեկուզ լատենտ կերպով առաջ մղել Փաշինյանի օրակարգը, թե՞ Պատրուշևը Երևանում փորձելու է հասկացնել իր հայ գործընկերոջը, որ նոր իշխանությունների  ոգևորությունն այդ խնդրում  այնքան էլ խելամիտ չէ:

Ռուսաստանի շահերն Անդրկովկասոմ այս փուլում, իհարկե, հստակ են. Կրեմլը, խուսափելու համար ավելորդ գլխացավանքներից, ձգտում է տարբեր գործիքակազմերի միջոցով կանխել մեծ պայթյունը, և այդ տեսանկյունից է նաև, որ Փաշինյանի հայտարարւոթյունը կարող է այնքան էլ Մոսկվայի սրտով չլինել՝ հաշվի առնելով ադրբեջանական գործոնն ու այդ երկրի հետ Մոսկվայի ունեցած բազմաթիվ ընդհանուր շահերը: Մոսկվայի համար գերզգայուն այս ժամանակներում համարձակ նորարարությունները (չնայած խոշոր հաշվով ոչ ոք «Ամերիկա չի բացահայտել» Արցախում) կարող են վտանգավոր լինել ոչ միայն  այն իմաստով, որ կարող են ավելորդ անգամ գրգռել Բաքվին, այլև  տարածաշրջանում տարվող աշխարհաքաղաքական խաղը Մոսկվայի համար կարող է բարդանալ:

Մյուս կողմից՝ հարց է այն, թե Երևանն ի՞նչ օրակագ է առաջարկելու կամ, եթե հարկ լինի, պարտադրելու Պատրուշևին: Հայաստանի գերխնդիրն այսօր ոչ միայն Արցախն է, այլև նույն Նախիջևանը: Այն, ինչ այսօր կատարվում է այնտեղ, այն մերձեցումը, որը նկատվում է Բաքվի ու Անկարայի միջև Նախիջևանի հողի վրա, կարող է հսկայական խնդիրների առաջ կանգնեցնել ոչ միայն Հայաստանին, այլև նույն Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, ինչու ոչ նաև Իրանին ու Չինաստանին, որոնց համար Հայաստանի սահմանների անառիկությունն իսկապես գերկարևոր հարց է՝ պայմանավորված միանգամայն հայտնի իրողություններով: Լավ կլիներ, եթե Երևանին հաջողվեր ինչ-որ իմաստով օրակարգ թելադրողի դերում հանդես գալ՝ տեղ հասցնելով մեզ հուզող ու շատ-շատերի շահերը շոշափող անվտանգային խնդիրները, գտնել դրանց իրական լուծումներ:

Պատրուշևն, ով Ռուսաստանում հայտնի է որպես միապետական արժեքների կրող, որ սպասարկում է անմիջապես ՌԴ ազգային շահերը, շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են ծավալվում: Չնայած թվում է՝ Անկարան ու Մոսկվան այսօր դաշնակցային հարաբերություններ են կառուցում՝ վերածվելով իրավիճակային դաշնակիցների, սակայն փաստ է նաև այն, որ բոլոր ժամանակներում հենց Թուրքիան է հանդիսացել Անդրկովկասում Ռուսաստանի հիմնական մրցակիցը: Այս իրավիճակում Հայաստանի ամրությունը Ռուսաստանի համար ձեռք է բերում ստրատեգիական նշանակություն, որը շրջանցել Մոսկայում ոչ ոք իրեն թույլ տալ չի կարող. թուրքերի հետ «սիրի-սիրի» խաղալ, իհարկե, կարելի է, բայց միայն այն դեպքում, երբ թիկունքդ ամուր է, իսկ Անդրկովկասում Մոսկվայի թիկունքն Երևանն է:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.