Հայաստանի տնտեսության գերխնդիրը. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի Փաշինյանը

Օգոստոսի 10-ին վարչապետ Փաշինյանը մեկնել էր Մարալիկ՝ մասնակցելու բամբակամանվածքային գործարանի բացմանը:

Գործարանը, որի հետ սեփականատերերը բավական լուրջ հույսեր են կապում, օգնելու է տեղական արտադրողին՝ ազատվելու դրսից ունեցած կախվածությունից ու ամենասեղմ ժամկետներում արտադրական գործունեություն ծավալելու գլխավորապես տեղական հումքի հիման վրա: Ի դեպ՝ նշենք, որ  Մարալիկի բամբակամանվածքային գործարանի կառուցման համար ներդրում է արել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ով նույնպես ներկա էր բացման արարողությանը: 

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նախևառաջ ունենալ զարգացման հստակ ծրագիր, պլան, որը քայլ առ քայլ իրականացնելով՝ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի էական աճ ապահովել:

Իհարկե, տնտեսական աճ կարելի է ապահովել բազմաթիվ եղանակներով՝ սկսած ասենք բուքմեյքերական ընկերությունների խրախուսումից մինչև տուրիզմ: Սակայն եթե խնդիր է դրված՝ ոչ միայն ունենալու գեղեցիկ թվեր, այլև արձանագրելու տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ, որի կարիքը Հայաստանն իսկապես  ունի ու շատ վաղուց, ապա հարկավոր է մտածել, թե ինչպես է պետք տնտեսության բոլոր հնարավոր ոլորտներում խթանել արտադրությունը՝ հիմնված տեղական հումքի, պոտենցիալի վրա:

Ընդհնարապես պետք է արմատական ուսումնասիրություն անցկացնել պարզելու, թե ինչն է պետք արտադրել Հայաստանում, ինչը՝ ներմուծել: Քանի դեռ դա չի արվել, չի հաշվարկվել օգուտն ու վնասը, տնտեսական նպատակահարմարության հարցը, շատ դժվար է լինելու իսկապես հեղափոխել տնտեսությունն ու այն դնել զարգացման բոլորովին այլ ուղու վրա՝ իր բոլոր ճյուղերով:

Պետք է առաջին հերթին խրախուսել արտադրողին ու այն արտադրանքն, որը գեներացվում է տեղական հումքի հիման վրա:

Տնտեսության բոլոր հնարավոր ոլորտներում ինքնաբավության հասնելը Հայաստանի ռազմավարական գերխնդիրներից է, ինչը նշանակում է, որ խոստացված տնտեսական հեղափոխության փիլիսոփայության հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի իքնաբավության կենսափիլիսոփայությունը:

Մեկնաբանություններ