Երկու ոխերիմներ՝ մեկ սեղանի շուրջ. ի՞նչ արեց Փաշինյանն Արցախում

Մամուլ է սպրդել մի լուսանկար, ուր պատկերված է Արայիկ Հարությունյանի ու Սամվել Բաբայանի՝ երևանյան սրճարաններից մեկում ունեցած հանդիպումից մի դրվագ:

Լուսանկարը, որը, փաստորեն, այս երկու արցախյան գործիչների հարաբերություններում խմորվող նոր զարգացումների փաստական ապացույցն է, մամուլ է սպրդել բավական կարևոր ժամանակահատվածում. օրերս Արցախում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթից պարզ էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է  ամեն ինչ անել՝ Արցախում բոլոր հնարավոր ցնցումները կանխելու, սպասվող ընտորթյունները հնարավորինս անցնցում անցկացնելու համար:

Փաշինյանի խոսքում տեղ գտած՝ հայրենիքի առաջ ծառայություններ մատուցած անձանց վերաբերյալ հատվածը մամուլում գլխավորապես մեկնաբանվեց որպես ուղերձ՝ Սամվել Բաբայանին առ այն, որ Երևանը չի պատրաստվում հանդուրժել որևիցե կամայականություն որևէ մեկի կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե ասենք ինչ վաստակ ունեցող անձից է բխում ապակայունացման վտանգ:

Ոչ պակաս ուշագրավ պետք է համարել  ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի օգոստոսի 8-ի հայտարարւթյունը. լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին Սամվել Բաբայանի նախաձեռնությանը, ԱԽ քարտուղարը պատասխանել էր. «Ընդհանրապես, կարծում եմ, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Ես ինքս ամբողջ կյանքս պայքարել եմ որևիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։ 

Գրիգորյանն իր այս հայտարարությամբ, ըստ էության, ապակոդավորում էր Փաշինյանի խոսքերը՝ հնչեցրած Ստեփանակերտում, որի հիմնական միտքը, փաստորեն, ներկա օրենքներին հավատարիմ կերպով ընտրությունների անցկացումն է, քաղաքական նպատակներով սահմանդրական մանիպուլյացիաներից խուսափումը:

Սամվել Բաբայանի ու նրա հիմնական քաղաքական ախոյան Արայիկ Հարությունյանի երևանյան հանդիպումը կարող է վկայել սոսկ մեկ բանի մասին. պաշտոնական Երևանի ուղերձները տեղ են հասել, և հատկապես Սամվել Բաբայանն, ով անցյալում մեկ անգամ չէ, որ սպառնալից տոնով հայտարարություններ է արել՝ ուղղված հենց Արայիկ Հարությունյանին կամ արցախյան իշխանություններին, հրաժարվել   է արկածախնդրությունների դիմելու մտքից՝ նստելով «կլոր սեղանի» շուրջ մեկի հետ, ում հետ կարճ ժամանակ առաջ, փաստորեն, հակամարտության մեջ էր գտնվել:

Թե կոնկրետ ինչի շուրջ են խոսել, բանակցել այս երկու գործիչները, թերևս, կարելի է միայն կռահել, սակայն մեկ բան պետք է հաստատապես արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի արցախյան այցը վճռորոշ է եղել ներարցախյան կայունության հարատևության հարցում, և վարչապետին հաջողվել է հասնել իր գլխավոր նպատակին՝ Ադրբեջանի «ջրաղացին ջուր չլցնելուն»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.