«Զապադլոյա՞»

Ազգային անվտանգության առաջ ծառացած մարտահրավերների ավելացմանը զուգահեռ Հայաստանի ուժային կառույցներն այս շրջանում փորձում են հնարավորինս արդյունավետորեն կազմակերպել իրենց հայրենապաշտպան գործունեությունը՝ ներդնելով այնպիսի գործիքակազմեր, որոնք  այդ հարցում կարող են լուրջ նեցուկ դառնալ փորձություններով լի այս շրջանում  Հայաստանը դրսի ու ներսի հարվածներից պաշտպանելու խնդրում:

Օրերս, ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ էր արել, հորդորել  իր հետ կազմակերպել քննարկում՝ հավաստիացնելով, որ շփման համար ինքը բաց է:

«Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, բայց ոչ թե իրենք մի բան հրապարակեն, ես հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու իրոք մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն` կփաստենք, որ հնչեցրած քննադատությունները ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից»,-մասնավորապես՝ ասել էր Վանեցյանը:

Պարզվում է՝ Վանեցյանի խոսքերը խիստ բացասաբար են ազդել հատկապես քաղհասարակության հայրենի երկու «կարկառունների» վրա. Վանեցյանի խոսքերից Դանիել Իոանիսյանի ու Արթուր Սաքունցի «ճնշումը բարձրացել է»:

«Կներե՛ք, այդ էր պակաս, որ ԱԱԾ-ականը քաղհասարակությանը սովորեցնի, թե ով ինչ հարցի անդրադառնա»,-արձագանքելով  Վանեցյանի հայտարարությանը՝  գոռոզաբար հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Իսկ ահա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր

Սաքունցն էլ, անդրադանալով ԱԱԾ-քաղաքացիական հասարակություն հարաբերություններին, որոշել է ճիշտ ու սխալ բացատրել ԱԱԾ տնօրենին՝ հայտարարելով. «Հարցերը, որոնք բարձրացվում են, դրանց վրա պետք է ուշադրություն դարձնել, իսկ հարցերի բարձրաձայնումը կլինի թելադրանքով, թե՞՝ ինքնաբուխ, դա չպետք է հուզի պաշտոնատար անձին»:

Միաժամանակ Սաքունցը հռետորական հարց է ուղղել Արթուր Վանեցյանին՝ կարո՞ղ է, արդյոք, ենթադրել, թե ում հրահանգով է պարոն Վանեցյանը նման գործողություններ կատարում:

Հայաստանում արևմտյան ազդեցության տարածման առաջամարտիկների արձագանքը Վանեցյանի՝ միանգամայն  ադեկվատ բնույթ կրող հայտարարություններին բավական ագրեսիվ է  ստացվել: Թե ինչով կարելի է բացատրել հանրությանը քաջածանոթ այս երկու  հասարակական գործիչների անհամաչափ արձագանքն՝ ԱԱԾ տնօրենի կարևոր հորդորներին, այնքան էլ դժվար չէ կռահել. այդ ագրեսիվ պահվածքը պայմանավորված կարող է լինել գլխավորապես մեկ բանով՝ Վանեցյանն այդպես էլ չի արդարացրել արևմտյան համապատասխան կենտոններից սնվող հ/կ-ների ակնկալիքները:

Որո՞նք են դրանք: Դանք առաջին հերթին, իհարկե, իրենց խորքում հակառուսական բովանդակություն կրող, բայց ժողովրդավարության քողի տակ հանդես եկող այն պահանջներն են, որոնց միջոցով որոշ ուժեր ցանկանում են ոչ միայն թուլացնել անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրությունն, այլև էական հարված հասցնել Հայաստանի՝ որպես սուվերեն պետութան անվտանգության համակարգին՝ դարձնելով Ազգային անվտանգության ծառայության գործունեությունն իրենց համար բացարձակ թափանցիկ, վերահսկելի ու ուղղորդելի, սա էլ այն դեպքում, երբ ԱԱԾ-ի գործունեության հիմքում, ինչպես հայտնի է, ընկած է գաղտնիության կամ գերգաղտնիության սկզբունքը: Ընդ որում՝ գկխավորապես րևմուտքի շահերի սպասարկմանը լծված ներհայաստանյան նմանօրինակ ուժերի հույսերն էականորեն մեծացել են տեղի ունեցած հեղափոխությունից հետո,ու հիմա սրանք անհամբերությամբ սպասում են,թե երբ են ՀՀ քաղաքական իշխանություններն արդարացնելու իրենց սպասելիքները:

Այսինքն՝ Իոանսիայնն ու  Սաքունցը ոչ միայն ցանկանում են, որ  ԱԱԾ-ն դադարի լինել ԱԱԾ, այլև որպեսզի Արթուր Վանցյանը դառնա իրենց «աշխատողն» ու սկսի պարբերաբար զեկուցագրեր ուղարկել գրանտակերության չեմպիոններին: Ահա այդ դեպքում է, որ արևմտյան գրանտներով սնվող հ/կ-ների  ղեկավարները կդադարեն թշնամաբար վերաբերվել ԱԱԾ-ին էլ, Վանեցյանին էլ:

Բայց արդյոք Արթուր Վանեցյանին դա պե՞տք է, արդյոք սաքունցների ու իոանիսյանների կարծիքնե՞րն են, որ պետք է վճռորոշ դառնան ԱԱԾ-ի ու նրա տնօրենի գործունեության  գնահատման հարցում:

ԱԱԾ-ի առաջ այսօր կանգնած է ոչ թե «ժողկրթբաժնի» վերածվելու,  այլ Հայաստանի առաջ կանգնած լրջագույն անվտանգային մարտահրավերներին  արդյունավետ հակազդեցություն կազմակերպելու խնդիրը, ինչն էլ, ըստ էության, արվում է ու արվում է բավական հաջող կերոպով:

Մեկնաբանություններ