Մարտի 1-ի փակուղին. ինչպե՞ս ճեղքել մահացու օղակը

ՀՔԾ-ն արձագանքել է «Մարտի մեկի» գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու հանգամանքին ու հայտարարել, որ BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել։

«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ.-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,-մասնավորապես՝ հայտնել են ՀՔԾ լրատվականից։

Միաժամանակ Դատախազությունում դեռևս կարծես նախընտրում են լռություն պահպանել:

Իր հերթին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով BBC-ի աղմկահարույց հոդվածին, ուր հղում է արվում քննչական մարմիններից դուրս եկած որոշ գաղտնի փաստաթղթերին՝ մարտի 1-ի իրադարձությունների մասին, ասել է.«Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի»: Միաժամանակ Գրիգորյանը նկատել է,որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընդհանրապես լուծված է գաղտնի փաստաթղթերի արտահոսքի խնդիրը:

Լրագրողների հարցին՝ բացառո՞ւմ է, որ այդ փաստաթղթերը իշխանության ներկայացուցիչների կամ որևէ պաշտոնատար անձանց աջակցությամբ են հայտնվել BBC-ի տրամադրության տակ, Գրիգորյանը պատասխանել է. «Դրա համար պատասխանատու մարմինը պետք է հետաքննություն անցկացնի և հասկանա՝ ի՞նչ պատճառով է հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի ձեռքին»: 

Ակնհայտ է այլևս, որ գործ ունենք չափազանց վտանգավոր իրավիճակի հետ: Ավելին՝ արտախորհրդարանական ընդդիմությունից արդեն իսկ սկսել են հնչել գնահատականներ, որ տեղի ունեցածը գրեթե պետական դավաճանության պես մի բան է, և որ հարկավոր է քրեական գործ հարուցել և այլն:

Կասկած չկա, որ առաջիկայում ընդդիմության ձեռքին հենց  BBC-ի սկանդալային հոդվածն է դառնալու այն հիմնական կռվանը, որով Փաշինյանի քաղաքական ախոյանները փորձելու են իշխանություններին վարկաբեկել՝ դիմելով, իհարկե, մի շարք մանիպուլյատիվ հնարքների:

Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ հարցն այնքան գլոբալ է, որ դրա արծարծումն ու դրանից բխող վտանգը չի պարփակվում միայն ներքաղաքական  հարցերի շրջանակներում. ակնհայտորեն գործ ունենք պետությանը «նետված ձեռնոցի» հետ, որին արագորեն ու արդյունավետորեն չարձագանքելու պարագայում  մարտահրավերների առաջ է կանգնելու ոչ միայն իշխանությունն, այլև  ողջ հայկական պետականությունն իր երկու դրսևորումներով:

Ըստ այդմ՝ առաջնային հարցի է վերածվում Մարտի 1-ի գործին արագորեն լուծում տալու անհրաժեշտությունը:

Իշխանությունների թիվ մեկ գերխնդիրն այժմ պետք է լինի  այդ գործը Հայաստանի «աքիլլեսյան գարշապարի» վերածման դեմ իրական գործողությունների ձեռնարկումը, որոնցից ամենաառաջնայինը  ավելորդ ժամանակ ձգելուց խուսափելը կարող է լինել:

Որքան երկար ծամծմվի Մարտի 1-ի գործն, այնքան  ավելի շատ արտաքին ուժեր են փորձելու օգտվել իրավիճակից ու լուծել ընդհուպ աշխարահաքաղաքական խնդիրներ՝ ի հաշիվ հայության կենսական շահերի, ի հաշիվ գուցե նաև հայկական պետականության:

Ինչ վերաբերում է կոնկրետ տեղեկատվական-փաստաթղթային արտահոսքին, ապա միանշանակորեն պետական համապատասխան մարմինները պետք է  լույս սփռեն տեղի ունեցածի վրա՝ տալով մեկ կարևորագույն հարցի պատասխան՝ Հայաստաում գործող գաղտնի գործակալական ցանցի գործունեության հետևա՞նք է այս ամենը, թե՞ գործ ունենք մեկ այլ բանի հետ՝ գուցե պակաս վտանգավոր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.