Ի՞նչ արեց Փաշինյանը Ստեփանակերտում

Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած ելույթը ցնցումների մեջ է գցել բոլորին:

Այն դեպքում, երբ ակնկալվում էր, որ Փաշինյանն իր՝ ժողովրդին ուղղված ելույթում փորձելու է համեմատաբար «չափավոր» դիրքերից հանդես գալ՝ չկորցնելով «իրականության զգացումը», վարչապետն ապացուցեց, որ երբ հարցը վերաբերում է հայրենիքին ու դրա անառիկության հարցին, ապա նա կարող է իսկապես անակնկալ մատուցել թե՛ թշնամուն, թե՛ արտաքին խաղացղներին ու թե՛ նաև ներքին լսարանին, բայց հատկապես դրա այն հատվածին, որ առանց քունուդադարի առավոտից մինչև կեսգիշեր փորձում է իր դատարկաբանությամբ իբր հիասթափություն առաջ բերել հանրության կատարած ընտրության հանդեպ:

Բաքվում ակնհայտորեն խուճապ է, իսկ ուժային կենտրոնները դեռ փորձում են մարսել Փաշինյանի խոսքերը, որոնք ակնհայտորեն շեղվում են այն գծից, որի մեջ նրանք Հայաստանին դրել էին՝ հարկադրելով այնպիսի կեցվածք ցուցաբերել, որի արդյունքում ոչ ոք անակնկալի չէր գա՝ թույլ տալով արցախյան խնդրի միջոցով սեփական շահերը սպասարկող երկրներին շարունակել «ձեռքեր տաքացնել» հայության համար գոյաբանական արժեք ձեռք բերած խնդրի վրա:

Միաժամանակ ոչ պակաս ուշագրավ են ներսի արձագանքները. նրանք, ովքեր այսօր փորձում են Փաշինյանին խելք սովորեցնել կամ հանդես գալ «հնարամիտ» նկատառումներով, մի քանի օր առաջ վարչապետին մեղադրում էին «հող հանձնելու» մեջ: Ավելին՝ հակահեղափոխության գլխավոր ճակատները շարունակաբար՝ մեկ տարի շարունակ, Նիկոլ Փաշինյանից հասարակության աչքում փորձում են ձևավորել մի այնպիսի կերպար, որը հնարավոր կլինի նույնականացնել հայոց պատմության մեջ կասկածելի հետք թողած հայ տիրակալների կամ արքաների հետ: Հատկապես քոչարյանական պրոպագանդան չի դադարում Փաշինյանին պիտակավորել «հող հանձնողի» պիտակով՝ այդ հորինովի տրյուկը հակադրելով «ազգային հերոս» Ռոբերտ Քոչարյանի թողած իբր իդեալական հետագծին ու ապագայի անելիքներին:

Փաշինյանը Ստեփանակերտում ջարդուփշուր արեց իր ներքին ընդդիմախոսների «ծնոտը», հօդս ցնդեցրեց  կատարյալ դատարկաբանություն հանդիսացող էժանագին պրոպագանդայի  հիմքերն ու ապացուցեց, որ այսօր Արցախը շարունակում է մնալ Հայաստան բացառապես այն միակ պատճառով, որ 2018-ին հայ հասարակությունն ու ողջ հայությունն իրենց մեժ ուժ գտան բոլորին ցույց տալու իրենց հավաքական կամքն ու վճռակամությունը:

Տեղի ունեցած հեղափոխությունն էր, որ պետք է ստիպեր արտաքին աշխարհին ու հատկապես Հայաստանի թշնամիներին հաշվի նստել  իրական սուբյեկտայնություն  ձեռք բերած Հայաստանի հետ, որևիցե քայլ անելուց առաջ յոթ անգամ մտածել:

Փաշինյանը Ստեփանակերտում իսկապես կապիտալիզացրեց հեղափոխությունը՝ իրավիճակը վերցնելով իր ձեռքը: Հայաստանը վաղուց լուծել է արցախյան խնդիրն, իսկ հիմա ժամանակն է  ստիպելու բոլորին խոստովանել այդ հաղթանակը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.