Արտաքին միջամտություն՝ Հայաստանի ներքին իրավիճակին. վտանգն իրական է

Արձագանքելով  BBC-ի ռուսալեզու ծառայության՝ օգոստոսի 7-ին հրապարակած «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածին՝ բազմավաստակ ռազմական գործիչ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ասել է. «Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»:

Գեներալը նաև հայտարարել է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումները» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն:

Արձագանք է ստացվել նաև Արայիկ Հարությունյանի կողմից, ով իր ֆեյսբուքյան էջում  գրել է, որ այն չի կարող հավաստի լինել:

«…Մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»,-մասնավորապես՝ գրել է Հարությունյանը:

Դավադրության մասին երկու ազդեցիկ գործիչների խոսքերն է՛լ ավելի ուշագրավ են դառնում օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կողմից արված այն հայտարարության խորապատկերին, որ հատուկ ծառայությունները կարողացել են չեզոքացնել Հայաստանի և Արցախի ներքին կյանքին օտարեկրյա միջամտության փորձերը: Վանեցյանը լրագրողների հետ զրույցում, ցավոք,  փակագծեր չի բացել՝ է՛լ ավելի մեծ խորհրդավորություն հաղորդելով սեփական խոսքերին:

Իր հերթին Մարտի մեկի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ փաստաբան Սեդա Սաֆարյանը, գնահատական տալով հրապարակմանը, նշել է, որ այն բավականին հիմնավոր է։

«Ճիշտ են անդրադարձել, կան այդպիսի փաստական տվյալներ, գործով կան այդպիսի ցուցմունքներ»,- հայտարարել է Սաֆարյանն ու նշել, որ իրենք այն ժամանակ տվյալներ են ունեցել, որ Երևանում ներկա են եղել Արցախի զինված ուժերը։

Ստացվում է բավական տագնապալից պատկեր. մի կողմից՝ փաստաբանը փաստացի հաստատում է BBC-ի հոդվածում տեղ գտած տեղեկությունների իսկությունըւ, մյուս կողմից՝ գեներալ Կարապետյանն ու Հարությունյանը որպես դավադրություն են որակում համաշխարհային հեղինկություն վայելող լրատվամիջոցի համապատասխան հոդվածը:

Բավական նուրբ իրավիճակի ենք ականատես դառնում, որը կարող է հղի լինել միանգամայն անկանխատեսելի հետևանքներով:  Ընդ որում՝ հարցն այստեղ բնավ այն չէ, թե հոդվածին արձագանքած վերոհիշյալ անձանցից որ մեկն է ճիշտ, կամ որը՝ սխալ: Բնա՛վ: Գլխավոր հարցն այս պարագայում այն է, թե ինչո՞ւ է անգլիական BBC-ն որոշել սեփական «լույսը սփռել» խնդրի վրա, կոնկրետ ի՞նչ նպատակով է այդ արվում, խնդիրը Հայաստանում իսկապես արդարության մթնոլորտի հասատո՞ւմն է, թե՞ «ջուր պղտորելն» ու դրանում «ձուկ որսալը»: Կա՞, արդյոք, առանձնահատուկ ուղերձ՝  Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով նաև հոդվածում տեղ գտած  ոչ անհայտ փորձագետ Փոլ Ստրոնսկիի այն պնդումը, թե Մարտի 1-ի գործով քննությունը մի շարք առումներով ընտրովի արդարադատության տպավորություն է թողնում:

Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը չափազանց զգայուն է, որը չվերահսկելու պարագայում, իրավիճակը կարող է  դառնալ իսկապես պայթյունավտանգ՝ լրջագույն ցնցումների մեջ գցելով ոչ միայն Արցախն, այլև Հայաստանը: Սա այն վտանգն է, որն, անկասկած, գիտակցում են նաև Հայաստանի բարձրագույն իշխանություններն ու փորձում արդյունավետորեն հակազդել: Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած աշխարհացունց խոսքերը, թերևս, պետք է դիտարկել նաև այս ամենի համատեքստում:  

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.