Ե՞րբ կհասնեն Հովիկ Աբրահամյանին

Մամուլից տեղեկանում ենք, որ հայրենի խորհրդարանում արդեն երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել, որն այս անգամ ուսումնասիրելու է ջրային ոլորտում առկա խնդիրները. Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող մարմնի կազմում ընդգրկված են տասնվեց պատգամավորներ:

Հայաստանում ջրային ոլորտն իսկապես խայտառակ վիճակում է գտնվում: Նորություն չէ, որ գյուղատնտեսությունում հաճախ գրանցվող ոչ գոհացուցիչ առաջընթացի հիմնական պատճառը հենց այս ոլորտում նախորդներից ժառանգություն մնացած բարձիթողի, իսկ իրականում կոռուպցիոն մեխանիզմների մեջ թաթախված համակարգն է:

Բանն այն է, որ գյուղացու ամենամեծ խնդիրներից մեկը՝ ոռոգման ջրի պակասը, շատ դեպքերում պայմանավորված է  ոչ թե մայր բնության ժլատությամբ, այլ՝ ոմանց ագահությամբ: Որոշ նախկին բարձրաստիճաններ, որոնց թվում առաջին հերթին Հովիկ Աբրահամյանն, ըստ օդում շրջանառվող լուրերի, որոնք, ի դեպ, պարբերաբար հաստատվում են, ջրային ռեսուրսներն այնպես են բաշխել, որ դրանց առյուծի բաժինը կա՛մ այսօր բաժին է հասնում Հայաստանի թշնամիներին, կա՛մ դրանից մեծամասամբ օգտվում են ոչ անհայտ դեմքերի պատկանող ՀԷԿ-երը, ջրային տնտեսությունները, ձկնաբուծարանները և այլն. սրանց ձեռքը  մի ողջ երկրի գյուղատնտեսություն վաղուց կրակն է ընկել՝ իր հետ կրակը գցելով նաև տնտեսության մի շարք այլ ճյուղեր ևս:

Հեղափոխությունից հետո նույն Փաշինյանն արդեն հասցրել է մի քանի անգամ խոսել ոլորտը կարգի բերելու վճռակամության առկայության մասին: Ակնհայտ է, որ հանձնաժողովը, որի կազմը, փաստորեն, այնքան էլ նեղ չէ, առաջին հերթին կոչված է լինելու օրենքի տառին համապատասխան ու բացառապես փաստարկված կերպով պարզել, բացահայտել Հայաստանի անմահական ջրի մերօրյա մոնոպոլիստների իրական դեմքը, կամայականությունները:

Հանձնաժողովի ստեղծման մասին լուրն, իհարկե, անչափ ուրախալի է, բայց ակնհայտորեն ոչ բոլորի համար, քանզի օրինակ՝ նույն Հովիկ Աբրահամյանն, ում ունեցած բազմաթիվ բիզնեսների հիմքը թալանված հայրենիքի ջուրն է, հրճվանք ապրելու ոչ մի պատճառ հաստատ չի ունենա, քանի որ ուսումնասիրությունների արդյուքում ջրի երես կարող է դուրս գալ այն ողջ կեղտը, որ տարիներ ի վեր ինչ-որ մեկը խնամքով թաքցրել է ժողովրդից:

Չխախտենք անմեղության կանխավարկածն ու սպասենք փաստերի հրապարակմանը…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.