Փաշինյանը ժողովրդից ժամանակ է խնդրում

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ամփոփելով արձակուրդային շրջանը՝ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով նախորդ իշխանությունների օրոք կազմված մի գաղտնի զեկույցի, հայտաարել է, որ Հայաստանը ոչ միայն ոտքից գլուխ թաղված է եղել համակարգային կոռուպցիայի ճահճում, այլև այսօր փաստացի երկրում չկան կայացած, գործունակ պետական ինստիուտներ:

«Կարդացի, ինչով է կարևոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու արձանագրել՝ Հայաստանը գտնվում է կաթվածահար վիճակում: 

Փաշինյանը սկզբունքորեն ոչ մի նոր բան չի ասում կամ ֆիքսում, քանի որ Հայաստանում ապրող ցանկացած մեկն էլ կարող է վկայել, որ նախորդ համակարգը ստեղծվել ու գոյատևել է բացառապես կոռիպցիայի հիմքի վրա, և խոշոր հաշվով Հայաստանն ինքին այդ առումով չի կարող՝ բացառություն դիտարկվել, քանի որ հետխորհրդային բոլոր պետություններում էլ կոռուպցիան կրել ու կրում է համակարգային բնույթ, և նույնիսկ այն երկրներում, ուր տեղի են ունեցել հեղափոխություններ, այսօր էլ չի հաջողվել լիովին հաղթահարել պետական համակարգը ներսից կրծող արատավոր այդ երևույթը:

Ո՞րն է Փաշինյանի հիմնական ուղերձը: Այն, թերևս, մեկն է ու բխում է միանգամայն օբյեկտիվ իրողություններից: Նիկոլ Փաշինյանը ժողովրդից, ըստ էութան, ժամանակ է խնդրում ու բացատրում, թե ինչու է այդ ժամանակն իրեն հարկավոր. պետությունը հիմնահատակ կերպով ավերված է, իսկ այն վերականգնելու համար ժամանակ է պետք և բնավ ոչ մեկ տարի:

Հասկանալի է, որ հասարակության՝ հեղափոխությունից ունեցած սպաելիքներն ու գերդրական ակնկալիքներն ի սկզբանե հսկայական են եղել: Հեղափոխության շշմեցուցիչ հաջողության հիմքում, թերևս, ընկած էր հենց հասարակության, իսկ ավելի ճիշտ՝ հայության՝ ունեցած արագ փոփոխությունների սպասումը: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ ակնկալիքները թեկուզ և իրական էին, սակայն ժամանակային առումով՝ անիրատեսական:

Կոնկրետ որքա՞ն ժամանակ է պետք նոր իշխանություններին՝ լիարժեքորեն արդարացնելու հասարակության սպասելիքները՝ ահա հասարակության կողմից այժմ իշխանություններին տրվող ֆունդամենտալ հարցադրումը, որին կոնկրետ պատասխան տալուց է կախված լինելու նաև իշխանությունների դիմադրողականության աստիճանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.