Որպեսզի քաղաքը բերեն գյուղ. Դրախտիկը զբոսաշրջիկների երազանքների հանգստավայր

Գեղարքունիքի մարզում գտնվող Դրախտիկ գյուղը տեղավորված է Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի հյուսիս-արևելյան ափին։

Դրախտիկ գյուղով հոսում է համանուն գետը։ Նախկինում Թոխլուջա անունը կրող գյուղը վերանվանվել է 1991 թվականին իր հին՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։

Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է և բանջարաբուծությունը։

Բնակիչների 90 տոկոսը փախստականներ են։ Նրանք Դրախտիկ համայնքում են հաստատվել 1989-1992 թթ-ին։ Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար և 15-19 դդ. գերեզմանոց (գյուղում պահպանվել է նաև ադրբեջանցիների գերեզմանոցը)։

Մեր թղթակցի հետ զրույցում գյուղի տարեց բնակինչները խոստովանեցին, որ թեև գյուղի «անգույն» և «խեղճ» տեսքին, իրենց ոգևորում և ուրախացնում է զբոսաշրջիկների այցելությունները Դրախտիկ, որոնց հոսքը մեծացել է հատկապես «Երազանքի գյուղ» ՀԿ-ի ներդրած սոցիալական ծրագրի շնորհիվ։

«Մարդկանց հոսքը նոր շունչ է հաղորդում գյուղին, նոր երանգ, թարմություն։

Մարդիկ հույսով են լցվում, հավատում են, որ մի օր կյանքը փոխվելու է Դրախտիկում»,-ասում էին մեր զրուցակիցները։ «Երազանքի գյուղ»-ը, որը կյանքի է կոչվել մեկ տարի առաջ մի խումբ կամավորների նախաձեռնությամբ, սոցիալական և աղքատության կրճատման ծրագիր է, այն նպատակ ունի զարգացնել գյուղական համայնքը, հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ։

Կենդանապաշտպան Կարինե Փանոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակը Դրախտիկը իսկական Դրախտ դարձնելն է, որպեսզի այն լինի զբոսաշրջիկների երազանքների հանգստավայրը, իսկ ամեն գյուղացու համար՝ երազանքների գյուղ։

Ի դեպ՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Դրախտիկում նշվեց ազգային տոներից ամենասիրելին ու սպասվածը՝ Վարդավառը։

Վերոնշյալ ծրագրի շրջանակում հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու Դրախտիկում անցկացվող վարդավառյան տարբեր միջացառումների, շուրջպար բռնել Դրախտիկի սարերում, ծաղիկ հավաքել, լինել գյուղի հետաքրքիր վայրերում, այդ թվում՝ «Երամակ» ձիարշավարանում, ըմպել լեռներից բխող սառնորակ աղբյուրի թթու ջուրը և Սևանա լճի ափին, խարույկի շուրջ անմոռանալի կիթառի երեկո անցկացնել։

Հետաքրքիր միջացառումների շարքն ամփոփվեց «Քոլր փարթի»-ով, որը երիտասարդների սիրելի միջոցառումներից մեկն է։

«Դրախտիկ» նախաձեռնության անդամները մեզ հետ զրույցում նշեցին, որ նպատակ ունեն այսպիսի ծրագիր իրականացնել ցանկացած այլ գյուղում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.