Իշխանությունների համարձակ նախաձեռնությունը. մարզերում հիփոթեքային շուկա ձևավորել կհաջողվի՞

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրիում հայտարարել է բավական ամբիցիոզ քաղաքաշինական ծրագի մասին, որը կմեկնարկի հաջորդ տարվանից: Նախատեսվում է Երևանից դուրս՝ հանրապետության մյուս քաղաքներում, իսկ աղետի գոտում՝ առաջնահերթ, բազմաբնակարան շենքեր կառուցել՝  հիփոթեքային շուկա ձևավորելու համար։

Ինչպես նկատել է պաշտոնյան, սա փոքրիկ ծրագրի մեկնարկ է, որը կարող է մեծ նախաձեռնության սկիզբ դառնալ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում:

«Սկզբնական փուլում կկառուցվեն մեկական սեյսմակայուն բնակելիներ՝ 4 կամ 5–հարկանի: Դրանք լինելու են նոր սերնդի՝ էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ՝ աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք: Եթե ծրագիրը հաջողվեց, այն շարունակական կլինի
»-մասնավորապես՝ ասել է Վերմիշյանը:

Նոր նախաձեռնությունն, ըստ էության, աննախադեպ է: Չնայած ծրագիրը սկզբնական շրջանում, ըստ էության, փոքրամասշտաբ  է՝համեստ հավակնություններով, սակայն միանշանակորեն կարող է լավ սկիզբ դառնալ՝ զարկ տալու հատկապես մարզերի զարգացմանն ու լուծել, մասնավորապես, նույն աղետի գոտու խնդիրները բավական հետաքրքիր կերպով:

Մյուս կողմից, սակայն, այսպես թե այնպես հարց է առաջանալու՝ կապված այն հարցի հետ, թե մարզաբնակների քանի՞ տոկոսն է ի վիճակի լինելու օգտվել ծրագրի բարիքներից, իսկ իրականում օգնել իշխանություններին՝ մարզերի զարգացման հարցում համարձակ թռիչք արձանագրելու: Հաշվի առնելով մարզերում ու քաղաքներում այժմ գոյություն ունեցող տոտալ գործազրկությունն ու սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակի վատթարությունը՝ կարելի է  ենթադրել, որ իրականում այնքան էլ հեշտ չի լինելու խոչընդոտները հաղթահարել. մարդկանց ձեռքը փող չկա, շատերը զրկված են կայուն եկամուտ ունենալու հնարավորությունից՝ հանգամանք, որն առջնահերթ նշանակություն ունի այսօրինակ պրոյեկտների կենսունակության ապահովման հարցում:

Ամեն դեպքում պետք է արձանագրել այն գովելի փաստը, որ իշխանություններն իրենց համակ ուշադրության կենտրոնում են շարունակում պահել մարզերի ու շրջանների զարգացման խնդիրները: Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարության թիվ մեկ թիրախը հենց մարզերն են, որտեղից էլ փորձ է արվում կազմակերպել Հայաստանի զարգացումն, այն դարձնել անշրջելի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.