Հայերը՝ թիրախում. ի՞նչ է կատարվում Սոչիում

Համացանցում է  հայտնվել մի սկանդալային  ձայնագրություն, որը կարելի է առարկայական ապացույց համարել այն բանի, որ Սոչիի օդանավակայանի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկը ոչ միայն անհիմն չէ, այլև կարող է տալ լրջագույն հետևությունների ու եզրակացությունների առիթ:

Հիշեցնենք, որ օրերս «Սոչիի միջազգային օդանավակայան» բաժնետիրական ընկերության աշխատակիցները տեղեկացրել էին, որ ազգային պատկանելության հիմքով արդեն շուրջ երկու տարի է, ինչ անձնակազմում զտումներ են տեղի ունենում. աշխատանքից ազատվում են բոլոր նրանք, որոնք ունեն հայկական ազգանուններ։ 

Թե կոնկրետ ինչ ծագումնաբանոթյուն կարող է ունենալ այս ամենն, իհարկե, դժվար է ասել, սակայն միանշանակ է՝ որ տեսանկյունից էլ խնդրին նայես, միևնույնն է՝ այն որևիցե կերպ չի կարող հանդուրժելի երևույթ համարվել:

Ընդ որում՝ պետք է արձանագրել նաև այն, որ ստեղծված իրավիճակն ու հատկապես բարձրացած աղմուկը չի կարող ձեռնտու լինել նաև ռուսական իշխանություններին ոչ միայն այն պատճառով, որ խնդրի կենտրոնում կոնկրետ հայկական անուններ ու ազգանուններ են, այլև շատ ավելի գլոբալ համատեքստում՝ ազգային: Բազմազգ ռուսաստանում ցանկացած էթնոսի նկատմամբ որևիցե շովինիստական դրսևորում կարող է համապատասխան ռեակցիա ու մտավախություն առաջ բերել նաև մյուս ազգությունների շրջանում, և ինչպես օրինակ նույն ղազախական իշխանություններն են խուսափում նմանօրինակ խնդիրներից՝ ելնելով սեփական պետության անվտանգության շահերից, նույնն էլ և Մոսկվան չի ցանկանա ավելորդ գլխացավանքների մեջ ընկնել այն էլ երկրում ստեղծված ներքին լարված իրավիճակի ֆոնին:

Այսինքն՝ որևիցե պարագայում Սոչիում տեղի ունեցածը չի կարող մեկնաբանվել որպես ասենք Ռուսաստանի «իրական» վերաբերմունքի արտահայտում նոր Հայաստանի նկատմամբ (չի բացառվում, որ շուտով ընդդիմության հատկապես քոչարյանական թևը շտապի տեղի ունեցածը որակել ասենք որպես Փաշինյան-Պուտին հարաբերությունների որակի յուրատեսակ ցուցիչ…):

Ի՞նչ պետք է անի Հայաստանը նման իրավիճակում: Հայաստանն, անշո՛ւշտ, չի կարող ստեղծված իրավիճակում կողքից դիտորդի կեցվածք ընդունել, և համապատասխան խողովակներով (թեկուզ ոչ պաշտոնական) հարկավոր է ինչ-որ կերպ բարձրաձայնել, զգացնել տալ, որ հայկական էթնոսի նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունք որևիցե կերպ աննկատ չի կարող մնալ հայրենքիում՝ նոր Հայաստանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.