Վիտալի Բալասանյանի նախազգուշացումը՝ Սամվել Բաբայանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, ուր նախազգուշացրել է՝ «կրակի հետ չխաղալ»:

«Այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին:

Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»,-մասնավորապես՝ հայտարարել է Բալասանյանը:

Իր հերթին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Բալասանյանի հայտարարությունն, ասել է, որ Արցախում ակտիվ ժամանակահատված է, քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ, ինչն, ըստ նրա, ժողովրդավարական պետություններին բնորոշ երևույթ է: Բաբայանը միաժամանակ ասել է, որ Արցախում իրավիճակը կայուն է:

«Արցախը ժողովրդավարական երկիր է, առողջ մրցակցություն ու թեժ պայքար պետք է լինի, բայց օրենքի շրջանակներում: Բոլորիս պարտքն է՝ պահպանել օրենքը: Մեզ մոտ չպետք է լինեն ո՛չ արտոնյալներ, ո՛չ թշվառներ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու անցած ուղուց»,-համոզմունք է հայտնել Բաբայանը:

Շատ խորաթափանց պետք չէ լինել հասկանալու, թե իրականում ում են ուղղված Վիտալի Բալասանյանի նախազգուշական ուղերձները. հասցեատերը Սամվել Բաբայանն է: Նկատենք, որ այս երկու գործիչների ջրերն ի սկզբանե միևնույն առվով չեն հոսել:

Բալասնայանն, ըստ էության, արձագանքում է Բաբայանի իրականացրած ստորագրահավաքին, որի արդյունքում, փաստորեն, մեծ է հավանականությունը, որ Բաբայանն իրավունք է ձեռք բերելու մասնակցելու ԱՀ ընտրություններին՝ մնալով օրենքի շրջանակներից ներս այն դեպքում, եթե ստորագրահավաքն իսկապես ծառայի իր նպատակին:

Միևնույն ժամանակ Բալասանյանը, կարծես կանխազգալով իրավիճակի պայթյունավտանգությունը, սպառնալից տոնով նախազգուշացնում է  Բաբայանին՝ զերծ մնալու արկածախնդրությունից՝ միաժամանակ իր հավատարմությունը հայտնելով Բակո Սահակյանին:

Դատելով, սակայն, Դավիթ Բաբայանի ոչ անհանգիստ պատասխաններից, կարելի է  հետևություն անել, որ արցախյան իշխանությունները Բալասանյանի «ռազմատենչ» հայտարարությունները հակված են դիտարկել քաղաքական պայքարի համատեքստում՝ ստանձնելով յուրատեսակ արբիտրի դերակատարում. նրանք այդ հայտարությունները հակված չեն գնահատել որպես մեծ բախման նախանշան:

Կա՞, արդյոք, իրական վտանգ, որ Վիտալի Բալասանյանն ու Սամվել Բաբայանը կարող են  բախվել: Ո՞ր դեպքում կարող է նման բան տեղի ունենալ և արդյոք այդ բախման պարագայում արցախյան իշխանությունները չե՞ն բռնի կողմերից մեկի՝ Բալասանյանի կողմը՝հաշվի առնելով վերջինիս լոյալությունը:

Հաշվի առնելով այն, որ բոլորն էլ հրաշալիորեն գիտակցում են՝ բախումները կարող են լրջագույնս սասանել Արցախն ու դրա անվտանգույթունը՝ մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, ամեն գնով կհաջողվի խուսափել անցանկալի սցենարներից՝ նկատի ունենալով հատկապես Երևանի կայունացնող գործոնը:

Այս ընթացքում գուցե ականջալուր դառնանք խստաշունչ հայտարարությունների, սակայն այդ ամենը հարկ է լինելու դիտարել իսկապես նախընտրակայն պայքարի համատեքստում և ոչ ավելին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.