Փաշինյանը կատարեց խոստումը. բյուջեն՝ ¼-ով ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ֆեյսբուքյան գրառմամբ ավետել է Հայաստանում տեղի ունեցող դրական տեղաշարժի մասին:

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով»,-գրել է Փաշինյանն ու կետ առ կետ թվարկել այն ոլորտները, որոնցում հնարավոր է եղել էական տեղաշարժ գրանցել:

Իհարկե, գովելի է, որ Փաշինյանին ու նրա կառավարությանը հաջողվել է  այս կարճ ժամանակահատվածում իսկապես էականորեն մեծացնել պետական գանձարանի եկամուտներն ու տպավորիչ ցուցանիշներ արձանագրել, բայց առավել կարևոր է, թերևս, այն, թե ինչպես են բաշխվել այդ հավելյալ եկամուտները. դրանք, կարելի է  արձանագրել, բաշխված են բավական համաչափորեն, քանի որ թիրախավորվել են ինչպես ոցիալական խնդիրներ, ինչպիսին ասենք թոշակների բարձրացումն է կամ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելուն ուղղված պրոյեկտը, այնպես էլ ռազմավարական նշանակության հարցեր, ինչպիսին ավտոճանապարհների վերանորոգումն է (ցանկացած պետության զարգացման կարևոր գրավականներից մեկն էլ նորմալ ճանապարհների առկայությունն է):

25%-ն իսկապես տպավորիչ է, և ցանկություն կա հավատալու, որ ժամանակի հետ մեկտեղ այդ թիվը միմիայն աճելու է, ինչը թույլ կտա իշխանություններին մի քանի տարում գրեթե կրկնապատկել բյուջեն, է՛լ ավելի մեծ թափ հաղորդել այն ծրագրերի իրականացմանը, որոնք իսկապես առաջնային են երկրի կենսունակության պահպանման ու հասարակության կյանքը դեպի լավը փոխելու առումներով:

Պետական բյուջեի, պետության զարգացման բանաձևն իրականում շատ պարզ է. հարկավոր է երկու հիմնական նախապայման՝ գործունյա քաղաքացի, սեփական քաղաքացու առաջ պատասխանատվություն ունեցող պետություն:

Դատելով Փաշինյանի կողմից հաճախակի արվող ուրախալի գրառումներից՝ նոր Հայաստանում այս երկու նախապայմաններն էլ այլևս անշրջելի իրականություն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.