Նիկոլ Փաշինյանի հետաքրքիր անակնկալը. ինչո՞ւ հենց կալավանցին

«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,-երեկ ֆեյսբուքյան գրառմամբ  սեփական պլաններով է կիսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանին առաջիկայում վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը գուցե շատերի համար անակնկալ է դարձել:

Վարչապետի որոշումը, սակայն, հստակ նպատակ է հետապնդում և դրա մասին, նա ըստ էության, խոստովանում է նաև ֆեյսբուքյան եթերում:

Հեղափոխությունից ի վեր շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին, կետ առ կետ թվարկվում այն բոլոր անելիքները, որ պետությունն առաջիկայում պարտավոր է լինելու կյանքի կոչել՝ տնտեսությունն իսկապես աշխուժացնելու, «սայլը տեղից շարժելու համար»: 

Քիչ է խոսվում, սակայն, այն մասին, թե ինչ է պահանջվում քաղաքացուց՝ օգնելու նույն այդ պետությանը լուծելու գերխնդիրները:

Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի ընտրությունը պատահական չէ: Նա, ըստ էության, խորհրդանշում է  արարող մարդու այն տեսակը, որի վրա հենվելով է, որ իշխանությունները փորձելու են տնտեսությունը վերակենդանացնել՝ խախուսելով ձեռներեցությունը: Ի՞նչ է արել այս մարդը: Նա դրսևորել է բավարար հնարամտություն, նախաձեռնողականություն ու  ռիսկի է դիմել: Ընդ որում՝ նա այդ ամենն արել է՝ գտնվելով գյուղում, այլ ոչ թե ասենք Երևանի կենտրոնում, և այս իմաստով նույնպես կա հստակ խորհրդանշականություն: Կառավարությունում շատ լավ հասկանում են, որ տնտեսության վերակենդանացումը պետք է սկսել մարզերից, շրջաններից ու գյուղերից: Եթե գյուղը վերակենդանանա, կվերակենդանա նաև ողջ երկիրը, քանի որ, ինչպես ասում են, գյուղացին է երկիր պահողը, և եթե նրա գործերը լավ են, ապա, խոշոր հաշվով, լավ են նաև մյուսների գործերը:

Մյուս կողմից՝ Ղուկասյանը, նշանակվելով պատասխանատու պաշտոնումնում, դառնալու է յուրատեսակ ապացույց այն բանի, որ «սոցիալական վերելակները» նոր Հայաստանում հետզհետե սկսել են աշխատել, երբ բարձր պաշտոններն այլևս մի խումբ ընտրյալների մենաշնորհը չեն, երբ ցանկացած մեկը, դրսևորելով անհրաժեշտ արդյունավետություն, հնարավորություն է  ստանում զարգանալու, առաջ ընթանալու՝ անկախ այն բանից՝ գյուղացի է, թե՝ ասենք Փարիզի պորտից:

Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կոչ անել ներսում ու դրսում ապրող հայերին՝ հարստանալ ու հարստացնել հայրենիքում: Ռոբետ Ղուկասյանը կարող է փայլուն օրինակ դառնալ այն բանի, թե ինչպես  են իշխանություններն այդ ամենը պատկերացնում կամ տեսնում այդ ամենի իրագործումը նոր Հայաստանի պայմաններում:

Միաժամանակ հարկ է նաև արձանագրել, որ քաղաքացիների նախաձեռնողականությունն ինքնին քիչ բան կարող է նշանակել կամ  պակաս օգուտ բերել երկրին, քանի դեռ պետությունը, համաձայնության գալով բանկերի հետ, չի լուծել էժան վարկերի խնդիրը, և խոսքն այս պարագայում բնավ միայն գյուղատնտեսական նշանակության վարկելի մասին չէ:

Քանի դեռ Հայաստանում փողը թանկ է, դժվար է լինելու  մարդկանց ինքնավստահություն ու հավատ ներշնչել, ստիպել ոգեշնչվելու նույն Ռոբերտ Ղուկասյանի օրինակով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.