ՀՅԴ-ն՝ ընդդեմ քաղաքապետարանի. ո՞րն է «փորացավը»

Այսօր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ  միջոցառում  էր անցկացնում, որի նպատակն, ըստ ակցիայի մասնակիցների, բարձրաձայնելն էր Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջելը Երևանի ավագանուց և քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել խնդիրները: 

ՀՅԴ այս քայլն ուշագրավ է հատկապես մեկ այլ իրադարձության ֆոնին՝ Քորչարյանի վերջին հարցազրույցի, ուր նա խոսել էր թեժ աշնան ու «կոնսենսուս մինուս մեկի» մասին՝ ակնհայտորեն ինքն իրեն փորձելով դիրքավորել որպես Հայաստանի ամենապահանջված ընդդիմադիր, ում շուրջ կոնսոլիդացիան անխուսափելի է լինելու:

Վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական ակտիվ է իրեն դրսևրում. թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, ուր, ի դեպ, նախագահի 4 թեկնածու ունի, ակտիվ հանդիպումների մեջ է, ասում են նաև, որ պատրաստվում է գնալ հայաստանյան մարզեր և այլն: Կարճ ասած՝ սթափվելով ընտրություններում ստացած հարվածից՝ այս ուժը սկսում է գերակտիվ քաղաքականություն վերադառնալ:

Իհարկե, սկզբունքորեն ՀՅԴ դրսևորած ակտիվության մեջ ոչ մի սենսացիա չի կարող լինել, քանի որ այս տարի անցկացված երկու բարձրագույն ժողովների ընթացքում այս ուժի կողմից ընդունվել էին բանաձևեր, որ ՀՅԴ-ն սկսում է քաղաքական գործընթաց՝ իր առանցքի շուրջ և ազգային օրակարգի շուրջ համախմբող ուժերի կոնսենսուս ձևավորելու համար, սակայն  ակնհայտ է, որ միայնակ ՀՅԴ ոչինչ անել չի կարողանալու, ոչ էլ կարող է քաղաքական լուրջ գործոն դառնալ Հայաստանում, ուստի՝ բնական է, որ հիմա, առավել քան երբևիցե, կարիք ունի «տալչոկի»:

Հաշվի առնելով Քոչարյան-ՀՅԴ ավանդական կապը և հատկապես Վիկտոր Սողոմոնյանի կողմից ՀՅԴ-ին հղված ազդակները վերջին մամուլի ասուլիսի ընթացքում (Քոչարյանի գործը համեմատել էր դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանի գործի հետ)՝ կարելի՞ է,  արդյոք, եզրակացնել, որ հենց ՀՅԴ-ն է բացահայտորեն դառնալու այն կարևոր գործիքակազմերից մեկը, որի օգնությամբ Քոչարյանը փորձելու է կյանքի կոչել իր ծրագրերը:

Արդյոք Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ՀՅԴ ակցիան կարելի՞ է հստակ վկայություն համարել այն բանի, որ Քոչարյանից ու նրա ներկայացուցիչներից ստացված հրապարակային ուղերձներից կուսակցությունում հետևություններ են արել ու որոշել են առայժմ գուցե զգուշորեն, բայց, այնուամենայնիվ, թելել Քոչարյանի թելը՝ այս պարագայում գործելով ոչ թե «տակից», այլ բացահայտ:

Մյուս կողմից, իհարկե, բոլորն են հիշում ամիսեր առաջ ՀՅԴ կարկառունների կողմից հնչած այն հավաստիացումները, որ իրենք չեն պատրաստվում Փաշինյանի տակը փորել կամ, առավել ևս, աջակցել Քոչարյանին, քանի որ ՀՅԴ-ն  ինքնաբավ ուժ է ու կարող է սեփական գոյության իմաստը գտնել նաև առանց Քոչարյանին ամեն կերպ աջակցելու կամ Փաշինյանին ամեն կերպ սևացնելու:

Չնայած Քոչարյանի խոսքերը թեժ աշնան մասին բավական խոստումնալից կարող են թվալ նույն ՀՅԴ-ի համար, սակայն միանշանակ է, որ այն կոնսոլիդացիան, որը Քոչարյանը կանխատեսում է՝ սեպտեմբերը համարելով ընդդիմության վերածննդի ամիս, ակնհայտորեն խիստ լավատեսական են. այո՛, միգուցե բոլոր ընդդիմադիրների համար թիրախը մեկն է՝ Փաշինյանը, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք բոլորը պատրաստ են միևնույն թիրախին խփել Քոչարյանի դիտակետից: Լավագույն դեպքում Քոչարյանը կարող է  դառնալ ընդդիմադիր բևեռներից մեկը, բայց ոչ երբեք գլխավորը կամ, առավել ևս, միակը (մրցակցությունը խեղդում է): Իսկ դա նշանակում է, որ բացահայտ քոչարյանամետ դիրքորշում հայտնելուց ու կեցվածք որդեգրելուց առաջ, ՀՅԴ-ն պետք է առնվազը յոթ անգամ մտածի՝ հետո տհաճ փաստի առաջ չկանգնելու համար. ռիսկերը հաշվարկել է պետք՝ մեծից՝ փոքր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.