ԱՄՆ-ն հրաժարվում է Ստեփանակերտից. Բաքուն հասա՞վ իր նպատակին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է  դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: 

Փորձելով հակազդել ոչ հայանպաստ գործընթացներին՝ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը  նախաձեռնել է արշավ՝ խնդրելով ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ ծրագիրը շարունակելու հորդոր պարունակող USAID-ին ուղղված նամակին:

ԱՄՆ-ն, որ աշխարհում միակ օտարերկրյա պետութունն է, որ ֆինանսական օգնություն է  տրամադրում Արցախին, փաստորեն, կարող է այն դադարեցնել, և սա չնայած այն հանգամանքին, երբ թվում էր՝ ճիշտ հակառակ պրոցեսին պետք է որ ականատես դառնայինք:

Հարց է առաջանում՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել հայկական կողմի համար տագնապի ակնհայտ առիթ հանդիսացող այս պրոցեսը: Արցախի նկատմամբ անտարբերություն դրսևորելու ԱՄՆ կառավարության նպատակը ո՞րն է, ի՞նչ դրդապատճառներ կարող են ընկած լինել այս ամենի հիմքում:

Վերջին շրջանում բավական ակտիվացել է Վաշինգտոն-Բաքու փոխգործակցությունը: Հատկապես խորանում են ռազմատեխնիկական հարաբերութուններն, իսկ ԱՄՆ-ից Ադրբեջան ուղարկվող ֆինանսական օգնություններն էականորեն գերազանցում են Հայաստանին տրվող օժանդակությանը:

Փորձագետները ստեղծված իրավիճակը պայմանավորում են հատկապես Իրանի նկատմամբ ԱՄՆ ունեցած «հատուկ վերաբերմունքով». Բաքուն, ըստ էության, կոնկրետ խոստումներ է տվել Վաշինգտոնին՝  պատերազմի պարագայում դառնալու ԱՄՆ համար հենակետ, ընձեռելու Արևմուտքին հնարավորթյուն՝ Թեհրանին հարվածելու նաև հյուսիսից:

Եվ ահա սա է պատճառը, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է Ադրբեջանին սիրաշահել, օժանդակել, նրանից իր համար դաշնակից կերտել:

Վաշինգտոնում ակնհայտորեն որոշել են չհիասթափեցնել Արդբեջանին՝ հատկապես հաշվի առնելով Բաքվի չարագույժ անհամբերությունը, որ դրսևորվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին:

Ամեն դեպքում հայ դատի հանձնախմբի նախաձեռնությունն՝ ինչ-որ կերպ հակազդելու ԱՄՆ կառավարության մտայնությանը, պետք է կարևոր համարել ու հուսալ, որ այն սպասված արդյունք իսկապես կտա՝ չնայած մի փոքր անհավատալի է, որ ռեալ պոլիտիկում նմանատիպ հակազդեցությունները կարող են տալ ցանկալի արդյունք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.