Փաշինյանն ավետում է. ի՞նչ թվեր է այս անգամ նա բերել

«2019-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով»,-այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հատկապես վերջին շրջանում ընդդիմության կողմից շատ է խոսվում ուշացող, իսկ ավելի կոնկրետ՝ այդպես էլ չկայացող տնտեսական հեղափոխության մասին: Հիմնականում որպես փաստարկ բերվում է այն, որ ներդրումների սպասված ծավալ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ապահովել, և, մասնավորապես, նույն օտարերկրյա ներդրումներն այդպես էլ շարունակում են իրենց սպասեցնել տալ: Ասվում է նաև, որ չնայած շատ է խոսվում հեղափոխության՝ տնտեսության վրա ունեցած դրական ազդեցության մասին, սակայն բնակչությունն այդպես էլ սեփական մաշկի վրա չի զգում այդ ամենի հեևանքները՝ շարունակելով ապրել միևնույն կենսամակարդակի պայմաններում:

Փաշինյանի բերած թվերն իրականում չափազանց խոսուն են ու վկայում են այն անդառնալի դրական գործընթացների մասին, որոնք այժմ ընթանում են երկրի տնտեսությունում: Թվերն, ըստ էության, հստակորեն վկայում են այն մասին, որ խոստացված տնտեսական հեղափոխությունն այլևս գործուն ընթացքի մեջ է գտվում. Այստեղ գործ ունենք ոչ միայն ՊԵԿ-ի լավ աշխատանքի, այլև շատ ավելի խորքային երևույթի հետ, որ վկայում է  մարդկանց՝ հարստանալու ու հարստացնելու իրական ձգտման մասին: Կասկածից վեր է, որ նման տեմպերով շարունակելու պարագայում, կարճ ժանանակ անց հնարավոր կլինի արձանարգրել նաև բնակչության կենսամակարդակի զգալի փոփոխություն. տնտեսական դրական պրոցեսների ազդեցությունը սեփական մաշկի վրա զգալու համար, ցավոք, երբեմն անհրաժեշտ է լինում համբերությամբ զինվել, սպասել հատկապես,երբ խոսքը վերաբերում է բնակչության բոլոր շերտերին՝ անխտիր:

Ինչպես հայտնի է, այս օրերին լայնորեն քննարկվում է ՀԴՄ սարքերի խնդիրը: Ինքը՝ ՊԵԿ-ը, խոստովանում է, որ, այո՛, առաջարկը չի բավարարում պահանջարկը: Իհարկե, իրավիճակը հաճելիներից չէ, սակայն այստեղ կարևորը մեկ այլ հանգամանք  է. նման ոչ ներդաշնակ իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանում գործ սկսելու պատրաստակամություն ունեցողների քանակը թռիչքաձև աճել է, ինչը հետևանք է շուկայի ազատականացման, և ստեղծված իրավիճակը, խոշոր հաշվով, արդյունք է տնտեսության մեջ անսպասելի աժիոտաժի, որը, փաստորեն, նույնիսկ իշխանությունները չէին կարողացել կանխծատեսել:

Կասկած չկա՝ Հայաստանը շրջել է հովանավորչության, կոռուպցիայի, արհեսական մենաշնորհների ու թայֆայության անփառունակ էջը: Հիմա նոր ժամանակներ են տնտեսության համար, ուր հաջողության հասնելու համար պահանջվող միակ պարտադիր պայմանը  անհատի գործարար տաղանդ ունենալն է դարձել և, իհարկե, բարեխիղճ աշխատանքը:  Հենց դրա մասին է, որ ավետում է  Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.