Երևանը՝ մեծ «զիբիլանոց». «Սանիթեքին» կդատե՞ն

Ասուլիսային լաբիրինթոսում հայտնված «Սանիթեքի» գլխին «մութ ամպեր են կուտակվում»:

ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնել են, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:  Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:  Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Ուշագավ է, որ լուրը ստացվում է այն բանից հետո, երբ «Սանիթեք» ընկերությունը, քաղաքապետի հարցմանն ի պատասխան, ասել էր, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել:

Ի դեպ՝ Սանիթեքի կոշտ պատասխանի մասին տեղեկացրել էր երեկ կայացած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքում հակահիգիենիկ վիճակը, որը սպառնում է այլևս վարալների տարածմամբ, քաղաքապետարանի համբերության բաժակը դեռ վաղուց է լցրել: Աղբահանության հետ կապված խնդիրները, հիշեցնենք, ի հայտ եկան դեռ անցած տարի՝ ամռանը: Ոմանք «Սանիթեքի» անգործությունը նույնիսկ սկսել էին  որակել որպես քաղաքական ակցիա՝ ուղղված նոր իշխանությունների դեմ:

Անկախ այն բանից, սակայն, թե ինչ ենթատեքստ է կրել ու կրում այս ընկերության այկնհայտ անպատասխանատու կեցվածքը, փաստ է, որ քաղաքային իշխանություններին Երևանի աղբահանության հարցը դեռ չի հաջողվում լուծել, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է մարդկանց շրջանում բողոքական տրամադրությունների աճին՝ ուղղված առաջին հերթին քաղաքային իշխանություններին. մայրաքաղաքի բնակիչները պահանջում են պատշաճ աղբահանություն իրականացնել, և քչերին է հետաքրքրում, թե այս իրավիճակում կոնկրետ ով է մեղավոր, ասենք Հայկ Մարությա՞նը, թե՞ «Սանիթեքի» շեֆերը: Մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ասենք «Սանիթեքի» ու Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի կետերի ակնհայտ խախտման մեջ կողմերից որ մեկի մեղքն է ավելի մեծ:

Շատերը որպես ստեղծված իրավիճակի նախապատճառ, իհարկե, մատնանշում են այն  իրողությունը, որ այս ողջ ընթացքում իշխանություններին այդպես էլ չհաջողվեց լուծել երկրորդ օպերատորի խնդիրն, ինչը հանգեցրել է դաշտում մեկ անբարեխիղճ ընկերության մենաշնորհի: Ու չնայած ողջ երկրով մեկ հեղափոխությունից հետո ընթանում   են ապամենաշնորհային, ազատականացման պրոցեսներ,  սակայն այս հարցում ակնհայտորեն լճացած վիճակ է:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը կօգնի՞, արդյոք, «Սանիթեքին» սթափվել, հետևություններ կարվե՞ն այս կազմակերպության կողմից, թե՞ նրանք կշարունակեն, կոպիտ ասած, թքած ունենալ, թե ով ինչ գործ է հարուցում կամ ինչ հայտարություն է անում:

Ամեն դեպքում մայրաքաղաքի բնակիչներն այլևս հոգնել են ամեն քայլափոխին թաղվել աղբի, կեղտի մեջ ու արդարացիորեն պահանջում են տարրական հիգիենա՝ Երևանի փողոցներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.