Բաբկեն Թունյանը գուժեց. ինչպե՞ս են «ջրից չոր դուրս գալու»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ 2020 թվականի հունվարի 1-ին սպասվելիք  ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան մաքսային վճարների հաշվարկման փոփոխությունն անխուսափելի է լինելու:

«Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում»,-մասնավորապես` գրել է Թունյանը՝ խորհուրդ տալով ավտոներմուծողներին խնդիրներից խուսափելու համար գործարքներն այնպես կազմակերպել, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։

Ի դեպ՝ հայտնի է դարձել նաև, որ Ճապոնիայից մեքենա ներմուծելը վերջին օրերին բավական բարդացել է. ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են:

«Նոր իրավիճակ է. ճապոնական աճուրդների կայքերը փակված են մեզ համար, տղաները չեն կարողանում իրենց հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնել: Քանի որ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ, վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչև նոր տարի»,-«Ժողովուրդի» հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Թունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ըստ էության, վերջակետ է դնում վերջին ամիսներին ամենաշատը քննարված հարցերիցմեկին՝ վատ իմաստով՝ ցավոք. մինչ այս  խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ երկրի ղեկավարությանն, այնուամենայնիվ, կհաջողվի ԵԱՏՄ իրենց գործընկերների հետ բանակցությունների միջոցով Հայստանի համար գերզգայուն այդ խնդիրը կարգավորել: Սակայն հետո մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Մոսկվան ու Ղազախստանը հարցն, այնուամենայնիվ, կտրուկ են դրել, և բոլոր այն հույսերը, թե Պուտինի՝ աշնանն ակնկալվելիք այցի ընթացքում Փաշինյանին կհաջողվի ՌԴ ղեկավարի հետ այդ հարցը կարգավորել, սին են:

Թունյանը, փաստորեն, հաստատում է նմանօրինակ հույսերի սին լինելն ու գուժում հասարակության մի զգալի հատվածի համար, թերևս, ամենավատ լուրը. 2020-ից Հայաստան մեքենաների ներմուծմամբ զբաղվողների բիզնեսը փաստացի կրախի առաջ է կանգնելու, իսկ ինչպես հայտնի է, նման գործունեությամբ մեզանում զբաղվում են տասնյակ հազարավոր մարդիկ,ովքեր այդ ճանապարհով լուծում են հացի խնդիր:

Սա նշանակում է, որ  իշխանությունները պետք է ուղիներ մտածեն սոցիալական անխուսափելի լարվածությունն ինչ-որ կերպ մեղմելու համար: Եթե բացառում ենք ԵԱՏՄ կազմից դուրս գալու տարբերակն, ապա Փաշինյանի կառավարությանը մնալու է թեկուզ հեծանիվ հորինելու ճանապարհով մխիթարել այն տասնյակ հազարներին, ովքեր, փաստորեն, ինքնազբաղվածությամբ դադարել էին բեռ հանդիսանալ պետության ուսերին:

Իսկ թե որոնք են այն գործուն միջոցները, որոնց օգնությամբ կառավարությունը փորձելու է «ջրից չոր դուրս գալ», դժվար է մատնանշել՝ հաշվի առնելով ասենք նույն ներդրումային բումի բացակայությունն ու ուշացող տնտեսական հեղափոխությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.