Սամվել Բաբայանը կգնա մինչև վերջ. Բակո Սահակյանն այլընտրանք չունի

Արձագանքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում՝ վերջինիս գրասենյակը տարածել է հայտարարություն, ուր, մանավորապես, հերքվել են նմանօրինակ տեղեկությունները:

«Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ՝ ոչ մի տեսանկյունից։ Ստորագրահավաքը ավարտվել է, և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանն, երբ կհաստատվի այս նախագիծը, Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։ Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար՝ այն է սահմադրական կարգի տապալում: Օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը»,-մասնավորապես՝ ասված է հաղորդագրության մեջ:

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սամվել Բաբայանին, այնուամենայնիվ, հաջողվել է Արցախի Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքել (ավելի քան 25000), կրկին լայնորեն սկսեց քննարկվել ԱՀ նախագահական ընտրություններում նրա դերակատարության հարցը: Ավելին՝ մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկություններն այն մասին, որ Սամվել Բաբայանը մտադիր չէ որևիցե բանի առաջ կանգ առնել, և եթե հարկ լինի նա կարող է անգամ միջպետական ճանապարհներ փակել, է՛լ ավելի սրեցին թեմայի նկատմամբ հետաքրությունը:

1in.am-իմ տված հարցազրույցում Սամվել Բաբայանը ցնցուներից խուսափելու միակ երաշխիք հռչակել է իր հավաքած ստորագրությունների հետ Արցախի իշխանությունների հաշվի նստելու պատրաստակամությունը:

Մասնավորապես՝ հարցին՝ Արցախի խորհրդարանում դիմադրություն կլինի՞, թե՞ ոչ, ունե՞ք աջակցություն, որ այս նախաձեռնությունը Արցախի ԱԺ-ում չտապալվի, Բաբայանը հետևյալ պատասխանն էր տվել. «Ես նման հարցադրում չեմ անում՝ կտապալվի, թե չի տապալվի: Վստահ եմ, որ առողջ ուժերը կգիտակցեն և կփորձեն գնալ ավելի մեղմ ճանապարհով և ցնցումների չբերել երկիրը: Խոսել, թե ինչ զարգացումներ կլինեն, վաղ եմ համարում»:

Իր հերթին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով  Արցախի բոլոր ճանապարհները փակելու մասին խոսակցություններին, էական է համարել ժողովրդի գործոնը՝ հայտարարելով, որ այստեղ խնդիրն այն է, որ վերջնական խոսքը ժողովրդինն է, քանի որ, եթե գործը հասնի հանրաքվեի, ժողովուրդը պետք է որոշի և արտահայտի իր կամքը։

Սամվել Բաբայանն, ըստ էության, հստակ երկընտրանքի առաջ է դրել արցախյան ներկա իշխանություններին, որոնք, ինչպես հայտնի է,  տանել չեն կարողանում հենց միայն այն միտքը, որ Սամվել Բաբայանը կարող է վերադառնալ Արցախ:

Կարիք կլինի՞, արդյոք, միջպետական ճանապարհներ փակելու, թե՞ Բակո Սահակյանն, այնուամենայնիվ, ռիսկի չի դիմի՝ հաշվի առնելով այն, որ ի դեմս Բաբայանի գործ ունի մեկի հետ, ում դժվար է ինչ-որ բան հարկադրել կամ ստիպել նահանջել:

Այո՛, միգուցե ԱՀ իշխանությունների համար  նմանօրինակ սցենարն ամենաանցանկալին է, սակայն նրանք չեն կարող հաշվի չառնել  նաև այն, որ Արցախն ամենևին էլ մի սովորկան, խաղաղ պայմաններում ապրող երկիր չէ, այլ՝ մշտական պատերազմի մեջ գտնվող պետական միավոր, ուր յուրաքանչյուր ցնցում կարող է ճակատագրական լինել՝ տալով հրաշալի առիթ Ադրբեջանին հարձակվելու. ազերիները չեն հապաղի օգտվել հնարավոր քաոսային իրավիճակից ու անպայմանորեն  կփորձեն այն ծառայեցնել իրենց ռազմաքաղաքական ծրագրերի իրականացմանը: Եթե Արցախում հեղափոխությունն, ինչ բովանդակություն էլ այն ունենա, անխուսափելի է, ապա այն պետք է լինի բացառապես թավիշի տեսքով, և այս հարցում առավել մեծ է ԱՀ իշխանությունների դերը:

Հետևաբար՝ հաշվի առնելով առաջանալիք ռիսկերը՝ շատ ավելի խելամիտ կլինի, եթե պահպանվեն ժողովրդավարության ոգուց ու տառից բխող բոլոր նորմերը: Եթե 25000-ից ավել մարդ իր ստորագրությունն է դրել Բաբայանի  նախաձեռնության տակ, ապա պետք է հաշվի առնել առաջին հերթին հենց այդ տասնյակ հազարավոր քաղաքացիների կամարտահայտման փաստն ու իրավիճակն արհեստականորեն չլարել՝ նամանավանդ որ  դրանով ոչ ոք ոչնչի հասնել չի կարողանալու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.