Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվում. խոսքի ազատության ու տեղեկատվական մանոիպուլյացիայի ջնջված սահմանը

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակն, արձագանքելով «Իրատես»-ի տարածած կեղծ լուրին, ըստ որի՝ Հակոբյանի գրասենյակը գործարարներին անընդհատ պարտադրում է կլորիկ գումարներ մուծել, հերքել է տարածված տեղեկությունը՝ բացահայտելով դրա իրական աղբյուրը: Պարզվում է՝ լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ 

Մյուս կողմից՝ Վլադիմիր Կարապետյանի մասին հրապարակված մեկ այլ կեղծ նյութ, որը կրկին տարածվել է միևնույն լրատվամիջոցի կողմից (գրել էին, թե իբր Կարապետյանը մի շարք ռեստորանների ու օբյեկտների սեփականատեր է ոչ միայն Երևանում, այլև Վրաստանում),  արդեն իսկ հերքվել է, հասարակությանը թույրիմածության մեջ չգցելու նպատակով:

Սրանից առաջ էլ, ի դեպ, նույն «Իրատեսը»-ը լուր էր հրապարակել, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: Սրան  ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքել է տարածված ապատեղեկատվությունն ու տեղեկացրել, որ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը հուլիսի 21-ին Լոռու մարզ այց կատարելիս:

Ակնհայտ է, որ միմյանց հաջորդող ապատեղեկատվությունների այս շարանհը չի կարող պատահականություն լինել: Սա երբեմն հանդիպող մամուլային կիքսերի շարքից չէ, այլ լավ պլանավորված տեղեկատվական արշավի մի կարևոր մաս, որի հիմնական նպատակը իշխանություններին ժողովրդի աչքից գցելն է:  Հեղափոխության «զոհերը», տեսնելով, որ իրենց հաշվարկները չեն արդարանում, և նույնիսկ ավելի քան մեկ տարի անց էլ իշխանությունների վարկանիշը հասարակության շրջանում շարունակում է  բարձր մնալ, որոշել են իրենց հարազատ մեթոդներով՝ մանիպուլյատիվ հնարքներով, հասարակությանը մոլորության մեջ գցել՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի աղավաղված կերպար ստեղծել ու դրա միջոցով իբր թրոլինգի ենթարկել իշխանություններին՝ հույսով, որ նրանց վարկանիշի անկումն ինքնաբերաբար հանգեցնելու է հակառակ բևեռի շանսերի մեծացմանը:

Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը, գնահատելով հետհեղափոխական Հայատանում մամուլի, խոսքի ազատության վիճակը, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի և մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով:

«…Առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն և փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում և պետք է պաշտպանված մնա»,-մասնավորապես՝ կարծիք է հայտնել եվրոպացի պաշտոնյան:

Իհարկե, դեսիրը չի սխալվում, երբ արձանագրում է, որ հետհեղափոխական Հայատսանում խոսքի ազատությունը շատ ավելի հիմնավոր բնույթ է կրում, քան էր նախկինում: Միայն թե հարցն այստեղ այն է, թե որն է այն սահմանը, որից անդին խոսքի ազատությունը վերածվում է տեղեկատվական տեռորի: Վերջիվերջո խոսքի ազատությունն ինքնանպատակ երևույթ չէ, և հարկ է  հստակորեն սահմանազատել տեղեկատվական լուտանքը մարդու ազատ արտահայտվելու բնատուր իրավունքից:

Նոր Հայաստանում հարկավոր է խոսքի ազատության նոր, շատ ավելի բարձր նշաձող սահմանել, երբ մի կողմից՝ երաշխավորված կլինի ժողովրդավարության հիմնասյուներից մեկը հանդիսացող դրույթը, մյուս կողմից՝ հնարավորինս կբացառվի ապատեղեկատվությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության հաշվին փող աշխատելու արատավոր պրակտիկան:

Այսպես շարունակվելու պարագայում պետական պաշտոնյաներն ու ղեկավարները ստիպված կլինեն իրենց աշխատանքային օրվա մեծ մասը տրամադրել այս կամ այն ԶԼՄ-ի կողմից հրապարակվող ապատեղեկատվության հերքմանը: Է՛, հետո՞…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.