Հայաստանն՝ ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության ճանապարհին. Փալլոնի նախաձեռնությունը կանցնի՞

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնն, ով նախաձեռնել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության հռչակումը, կարծիք է հայտնել, որ իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը հավանության կարժանանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից մոտ ապագայում:

«Այն իրականում «Թավշյա հեղափոխության» շարունակական զարգացումն է: Գաղափարն այն է, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ ավելի լավ է գործում օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձևավորումը: Ուստի՝ սա հնարավորություն է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլև՝ տնտեսական առումով, առևտրի ոլորտներում։ Այս համագործակցությունը առանձնակի կարևոր է նաև ռազմավարական տեսանկյունից, քանզի Հայաստանն ունի ռազմավարական կարևոր դիրքեր Կովկասում նաև մոտ է գտնվելով Մերձավոր Արևելքին: Բացի այդ, Հայաստանը միշտ մնացել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործընկեր: Իրականում, Արևմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա և ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծրի մեջ է: Ես դրան չեմ հավատում…»,-պարզաբանելով նախաձեռնության էությունը՝ հայտարարել է հայ-ամերիկյան բարեկամության յուրատեսակ խորհրդանիշ դարձած ամերիկացի քաղաքական գործիչը՝ միաժամանակ խոստովանելով, որ իրենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն, իրականում հասկանում են, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում: Սակայն, Հայաստանն ինքը շատ արևմտամետ երկիր է և հավատում է ժողովրդավարությանը և շուկայական տնտեսությանը: Ուստի՝ իրենք, հիմնվելով դրա վրա, ցանկանում են հայտարարել, որ պետք է լինեն ավելի լավ ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև:

Ամերիկացի կոնգրեսականի այսօրինակ հայտարարությունը, փաստորեն, հնչում է բավական ուշագրավ իրադարձության ֆոնին՝ գրեթե անմիջապես հաջորդելով ՀՀ ԱԺ պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցին՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Մյուս կողմից՝ «Ազատության» հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգոյանը, խոսելով ԱՄՆ-ից զենք գնելու հայկական կողմի հնարավորությունների մասին, արձանագրել էր, որ ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի ներուժը մեծ չէ, քանի որ ամերիկյան սպառազինությունը գուցե որակով, բայց թանկ է: Այսինքն՝ Գրիգորյանը ԱՄՆ-ից զենք չգնելու հանգամանքը պայմանավորել է տնտեսական գործոնով, ինչից կարելի է  հետևություն անել, որ եթե ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկի գնային իմաստով ավելի մրցունակ ապրանք, ապա Երևանը դրանից չի հրաժարվի:

Փալլոնի ու նրա գործընկերների նախաձեռնությունն ունի՞, արդյոք, ռեալ հնարավորություն կյանքի կոչվելու՝ հաշվի առնելով այն, որ հայ-ամերիկյան հարաբերություններին թափ հաղորդելու հարցում առավել մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում դեմոկրատները, այլ ոչ թե հանրապետականները: Արդյոք վերջիններս նպատակահարմար կհամարե՞ն նման նախաձեռնության ընդունումը՝ նկատի ունենալով, որ «ռազմավարական հարաբերոթուններ» ասելով՝ հաշվի է առնվում ոչ միայն դրանց տնտեսական բաղադրիչն, այլև՝ ռազմաքաղաքական: Եվ կամ ինչպիսի՞ ռեակցիա կառաջացնի այդ ամենը ՀՀ ներկայիս ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի մոտ՝ հաշվի առնելով հատկապես հետհեղափոխական Հայաստանի նկատմամբ ՌԴ-ում առկա որոշակի կասկածները:

Մյուս կողմից, իհարկե, վատ չէր լինի, եթե Հայաստանին հաջողվեր հեղափոխության հաջող կապիտալիզացիայի միջոցով ապահովագրվել միանգամից բոլոր ուղղություններով՝ Հյուսիսից էլ, Արևմուտքից էլ, սակայն նկատի ունենալով այն, որ հատկապես ռազմաքաղաքական կտրվածքով Ռուսաստանի զգայունությունը բավական բարձր է, դժվար պատկերացնելի է, որ տեսանելի ապագայում հնարավոր դառնա նույն ռազմաքաղաքական ոլորտում ՀՀ-ԱՄՆ  հարաբերությունների արմատական վերանայումը, որը, փաստորեն, այսպես թե այնպես ձեռնոց է լինելու՝ նետված Մոսկային:

Գումարած այս ամենին՝ պետք է հաշվի առնել նաև իրանական գործոնը, քանի որ Թեհրանի կողմից ևս անխուսափելի է լինելու ուժեղ  հակազդեցությունը՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այս պայմաններում ամերիկացիները ստիպված են լինելու Երևանի հետ հնարավոր ռազմավարական հարաբերութուններ զարգացնել  գլխավորապես տնտեսական ոլորտում, և Փալլոնն ինքն էլ, ըստ էության, առաջին  հերթին հենց դա է շեշտում:

Պետք է հասկանալ, սակայն, որ ամերիկյան կողմի համար Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների սերտացումն արժեք ունի բացառապես ռազմաքաղաքական հարաբերությունների կոնտեքստում, և Վաշինգտոնն, եթե հաջողվի իսկապես խորը համագործակցություն ձևավորել, գնալու է այդ քայլին՝ միայն որոշակի աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հաշվարկներից ելնելով. տնտեսական բեղուն հարաբերություններն են, որ դառնում են լավ հիմք նաև ռազմաքաղաքական հարաբերությունների համար:

Բոլոր դեպքերում Հայաստանն այս իրավիճակում բարձրացնում է իր աշխարհաքաղաքական դերն ու արժեքն՝ է՛լ ավելի  ամրապնդելով պետականությունը՝ անկախ, իհարկե, նախաձեռնության հետագա ճակատագրից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.