Արտագաղթը կանգ է առնում. իշխանությունները պետք է շտապեն

Հայաստանի ռազմավարական գերխնդիրներից մեկն էլ, ինչպես հայտնի է, դեմոգրաֆիական հարցն է: Անկախությունից ի վեր Հայաստանից դիտարկվել է անընդհատ արտագաղթ՝ պայմանավորված առաջին հերթին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակով: Ճիշտ է՝ արտագաղթի բումի շրջանն ընդունված է համարել մութ ու ցուրտ 90-ականները, սակայն դրանից հետո նույնպես Հայաստանից երբեք արտագաղթը չի դադարել:

2018-2019 թթ.-ը խոստանում են դրական իմաստով ռեկորդ սահմանել. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վիճակագրություն, ուր հստակորեն երևում է, որ հետհեղափոխական շրջանում Հայաստանից դուրս եկածների թիվն էապես կրճատվել է՝ նախորդ տարիների համեմատությամբ: Ըստ այդմ՝ ընդհանուր սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը վերջին տարիների կտրվածքով կազմել է՝ 2015-ին -75,464, 2016-ին՝ -66,629, 2017-ին՝ -37,685, 2018-ին՝ -6,110, 2019-ին էլ՝ 2,334:

Ինչպես կարելի է արձանագրել, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից դուրս եկողների թիվն էապես կրճատվել է՝ ցուցանիշ որն, ըստ էության, շատ բաների մասին է վկայում՝ խիստ դրական բաների:

Ուշագրավն այս վիճակագրության մեջ այն է, որ կտրուկ դրական տեղաշարժ արձանագրվել է անգամ այն դեպքում, երբ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը խոշոր հաշվով, էականորեն չի փոխվել. նոր իշխանություններն իշխանության ղեկին են բավական կարճ ժամանակ, ու օբյեկտիվորեն դժվար է նրանցից էական տեղաշարժեր ակնկալել տնտեսական զարգացման հարցում՝ չնայած կարելի է  արդեն իսկ նշմարել՝ ինչ բանաձևով են պատրաստվում տնտեսություն զարգացնել:

Ակնհայտ է, որ արտագաղթի էական կրճատումը կարող է պայմանավորված լինել հատկապես  երկրում սոցիալ-հոգեբանական մթնոլորտի էական փոփոխմամբ: Մարդիկ այլևս վհատված չեն, նրանք, ինչպես ասում են, թունելի վերջում լույս են նշմարում, ինչն էլ շատերին ստիպում է հրաժարվել երկիրը լքելու մտքից ու պայքարել այստեղ, ինքնադրսևորվել սեփական հայրենիքում՝ հաստատ համոզմամբ, որ  նախաձեռնողականություն դրսևորելու դեպքում նրանք ստիպված չեն լինելու բախվել այն նույն արհեստական խոչընդոտներին, որոնց  բախվել են երկար տարիներ ի վեր: Մարդիկ սկսել են հավատալ իրենց ուժերին, իշխանություններին, Հայաստանին:

Մյուս կողմից, իհարկե, վեջին երկու տարիների դրական դինամիկան կարող է պայմանավորված լինել հեղափոխական էյֆորիայով: Այժմ, սակայն, էյֆորիան հետզհետե մարում է՝ չնայած ակնհայտ է նաև, որ դրա հետ մեկտեղ իշխանությունները դեռ պահպանում են բնակչության բացարձակ մեծամասնության շրջանում ունեցած հեղինակությունը:

Դրական դինամիկան պահպանելու և այն է՛լ ավելի խորացնելու համար իշխանություները պետք է շտապեն կյանքի կոչել հատկապես տնտեսական հեղափոխությանն առնչվող սեփական խոստումները՝ հաշվի առնելով այն, որ եթե չարդարանան հասարակության սպասելիքները, որոնք, պետք է խոստովանել, հաճախ հատում են իրատեսության եզրը, Փաշինյանի ներկայացրած դրական դինամիկան կարող է այնքան էլ երկար չտևել, և ականատես դառնանք համընդհանուր հիասթափության՝ դրանից նույն հայաստանյան դեմոգրաֆիայի համար բխող բոլոր սարսափելի հետևանքներով: Հիասթափությունն ու հուսահատությունն է, որ ծնում է անկառավարելի արտագաղթ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.