Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել

«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել և փակվել: Ըստ հրապարակման՝ ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել և չգիտեն, թե երբ կստանան:

Պարզաբանում ստանալու համար Slaq.am-ը կապ է հաստատել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

««Մուլտի-Ագրո» գիտա-արտադրական միավորումում որևէ ֆինանսական խնդիր չկա և, համապատասխանաբար, աշխատակիցների աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունը ևս բացարձակ հիմազուրկ է: Ես իհարկե շատ լավ եմ հասկանում որոշ լրատվամիջոցների «Ծառուկյան» ազգանունը շահարկելու հաշվին ոչնչից մեծ աղմուկ սարքելու անհագուրդ ցանկությունը, սակայն հերթական անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ լրատվություն տրամադրելու հարցում մասնագիտական պարկեշտության կանոններին: Նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու փոխարեն պարզապես կարելի էր փորձել անհրաժեշտ ինֆորմացիան ճշտել «Մուլտի-Ագրո» ընկերությունից կամ՝ ի պաշտոնե ինձնից: Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով, և առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը»,-ամփոփեց Իվետա Տոնոյանը:

Աղբյուրը՝ Slaq.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.