Հրայր Թովմասյանի բանն իսկապես բուրդ է

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից երեկ արված մի շարք հայտարարություններ ուշագրավ պետք է գնահատել ոչ միայն ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների կամ Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների նկատմամբ ԵՄ ունեցած դիրքորոշման հստակեցման իմաստով, այլև՝ զուտ ներհայաստանյան իրավաքաղաքական պրոցեսների:

Ինչպես հայտնի է, հեռացող Սվիտալսկին կատարել էր մի շարք հայտարարություններ, որոնցով ԵՄ բացառիկ աջակցությունն էր հայտնել ՀՀ իշխանություններին բռնած գործում՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հարցում՝ միաժամանակ վստահեցնելով, որ իշխանություններն իրենք են որոշելու՝ ինչ ճանապարհով ընթանալ, ինչպես վարվել և այլն: Այսպիսով՝ ԵՄ-ն, ի դեմս Սվիտալսկու, իր բացառիկ աջակցությունն է հայտնել Փաշինյանին, ըստ էության, ոչ միայն իրավական դաշտում, այլև՝ քաղաքական:

Միևնույն ժամանակ այս ամենի համատեքստում ուշագրավ է դառնում այն հարցը, թե ինչ է լինելու Հրայր Թովմասյանի հետ այն դեպքում, երբ Փաշինյանին իրենց աջակցությունն են հայտնում թե՛ Արևմուտքը, թե՛ Մոսկվան՝ ի դեմս Կոպիրկինի հայտնի հայտարարության: Արդյոք շարունակելո՞ւ է «երկու քարի արանքում» դեգերող ՍԴ նախագահը դիմադրություն ցույց տալ, եթե այո, ապա ի՞նչ շանսեր ունի նա և կամ որքա՞ն է կարողանալու դիմանալ:

Ազատությանը տված հարցազրույցում  Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրել է, որ իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնելու, և եթե հարկ լինի, ապա կարող են անգամ սահմանադրական փոփոխությունների գնալ՝ փոխելով Սահմանադրության համապատասխան հատվածը: Դա, ըստ էության, նշանակում է, որ գործնականում Հրայր Թովմասյանի ճակատագրի հարցն այլևս վճռված է, և ՍԴ նախագահի հեռացումն ընդամենը  ժամանակի հարց է հատկապես այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանը փաստացի մնացել է միայնակ սեփական աթոռի ճիրաններում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.