Հայաստանը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում

Razm.info-ն տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ  Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, ուր պատմվում է, թե ինչպես է իրանական հետախուզությունը Հայաստանի տարածքում զբաղվում ամերիկյան ԿՀՎ-ի գործակալների չեզոքացմամբ: Ինչպես տեղեկացնում  է  կայքը, նշյալ ֆիլմում տեղեկատվական առիթն եղել  է այն, որ, ըստ իրանական կողմի, վերջին տարվա ընթացքում իրենք բացահայտել են ԿՀՎ-ի 17 գործակալի, որոնցից մի քանիսին ձերբակալել են ու մահվան դատապարտել:

Իհարկե, գաղտնիք չէ, որ պետությունների հատուկ ծառայությունները, հետախուզությունները սովորաբար իրենց գործունեությունը ծավալում են երրորդ երկրներում՝ հաճախ այդ երկրների սահմաններից ներս իրականացնելով հատուկ օպերացիաներ ընդդեմ ընտրված թիրախների և այլն: Այստեղ, ըստ էության, սենսացիա չկա, ինչպես և սենսացիա չի կարող լինել այն փաստում, որ Հայաստանը, փաստորեն, դարձել է իրանաամերիկյան յուրատեսակ հակազդեցության  բեահարթակ՝ առաջին հերթին պայմանավորված աշխարհագրական իրողություններով:

Տեղեկությունը, սակայն, ուշագրավ է մեկ այլ կոնտեքստում՝ Իրան-ԱՄՆ սրվող հարաբերությունների և դրանց՝ Հայաստանի վրա ունենալիք ազդեցության: Չնայած Թրամփն ամեն անգամ հետաձգում է  Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսումը, սակայն ակնհայտ է, որ այս երկու երկրների միջև իրականում իսկական պատերազմ է  ընթանում՝ շատերի համար անտեսանելի:

Հայաստանն էլ, առաջին հերթին պայմանավորված սեփական աշխարհագրությամբ, հասկանալի է, չի կարող ունենալ իրադարձություններին կողքից սառնասրտորեն հետևելու արտոնություն, և այն ամենն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի շուրջ, անմիջականորեն վերաբերում է նաև մեր պետությանը:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա այն հանգամանքը, որ, ինչպես հետևում է իրանական կողմի տարածած ֆիլմից, մեր երկրում իրանական հատուկ ծառայությունները բավական հաջող կերպով պայքար են մղում ԱՄՆ-ի դեմ: Արդյոք, նույն ԱՄՆ-ում այդ հանգամանքն ի վնաս Հայաստանի չի՞ մեկնաբանվի, արդյոք ամերիկյան իշխանությունները հայաստանյան իշխանություններից, ի հավաստում այն բանի, որ հայկական կողմն իրապես շահագրգռված է Վաշինգտոնի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում, չի՞ պահանջի սերտ համագործակցություն՝ հակազդելու իրանական հետախուզությանը:  Այլ կերպ ասած՝ որքանո՞վ կարող է Հայասանին վնասել լրտեսական սկանդալի կենտրոնոմ հայտնվելու փաստը:

Հայաստանի համար հավասարապես կարևոր են թե՛ ԱՄՆ-ի  և թե՛ Իրանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու դրանց զարգացումը: Առանց այն էլ բարդագույն իրավիճակում գտնվող Երևանը չի կարող իրեն թույլ տալ կողմերից մեկի հետ ընդհարվելու շռայլություն ի հաճություն մյուսի, և այդ մասին նույն Արարատ Միրզոյանն, ըստ էության, բաց տեքստով հայտարարել է ԱՄՆ-ում:

Հայաստանն այս իրավիճակում պետք է կարողանա պահպանել առավելագույն չեզոքություն՝ հնարավորինս զերծ մնալով խնդրահարույց թեմաների մեջ ներքաշվելու գայթակղությունից, քանզի սա մեր պատերազմը չէ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.